«Առաջադրանքը» կատարված է
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահը երիտասարդ արվեստագետի համար սեփական ստեղծագործությունը ներկայացնելու լավագույն հնարավորությունն է հենց ուսանելու տարիներին: Այս ուսումնական տարվա ուսանողական աշխատանքների առաջին ցուցադրությունը թեմատիկ առումով և բնույթով նախադեպը չի ունեցել:
Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկայացրեց ամիսներ առաջ մտահղացված մի ծրագիր, որը հնարավորություն կտար ուսանողներին դուրս գալու ընթացիկ կաղապարներից, հանդես բերելու ավելի ազատ և անկաշկանդ մտածողություն: Այն իրականացնելու փորձ անելու էին կերպարվեստի ֆակուլտետի Էդուարդ Իսաբեկյանի անվան արվեստանոցի ուսանողները: Տրված թեմատիկ առաջադրանքը ներառում էր հանրային կյանքի երկու ոլորտ՝ տրանսպորտ և առևտուր: Ըստ էության սա փորձ էր՝ դուրս գալու ընդունված ակադեմիական շրջանակներից և այսպես ասած ոչ այնքան գեղագիտական տիրույթում իրացնել նկարչական մտածողություն: Արվեստագետը հենց սրանով էլ տարբերվում է. ամենօրյա կյանքի անցուդարձում, երբ սովորական աչքը չի տեսնում, չի նկատում իրի կամ երևույթի գեղագիտական կողմը, ապա նա, որ օժտված է հենց այդ հատկությամբ, էսթետիկացնում է, կարելի է ասել, գրեթե ամեն բան: Ծրագիրն իրականացնելու համար ուսանողներին օգնել են մասնագիտական այն խորհուրդները, որ աշխատանքի ընթացում ստացել են արվեստանոցի ղեկավարների կողմից:
«Առաջադրանք» ցուցահանդեսի մյուս նորությունը կատալոգի տպագրությունն է: Ինչպես նկատեց Արամ Իսաբեկյանը, նախընթաց շրջանում բազմաթիվ ցուցահանդեսներ են եղել ու անցել այս սրահում: Դրանք մոռացվել են սակայն, քանի որ չեն ունեցել վավերացում, լավագույն դեպքում մնացել են մարդկանց հիշողություններում: Առայժմ սա միակ ցուցահանդեսն է, որ վավերացվել է կատալոգով, որի տպագրությունն իրականացել է «Կիլիկիա գարեջուր» ընկերության և «Հորիզոն-95» կազմակերպության աջակցությամբ: Վերջինիս ղեկավար, Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ներկա լինելով ցուցահանդեսի բացմանը, նախագծի իրականացումը համարեց ակադեմիայի ձեռքբերում, շնորհավորեց ուսանողներին և աշխատակիցներին:
«Էդուարդ Իսաբեկյան» արվեստանոցի դասախոս Արթուր Հովհաննիսյանը, որ անմիջականորեն աշխատել է ուսանողների հետ, համարեց դա արդյունավետ ժամանակ: Նա հատուկ նշեց, որ նախկինում աշխատանքները եզրափակվում էին քննություններով, իսկ այս պարագայում ցուցահանդեսի կազմակերպում և կատալոգի տպագրություն եղավ: Կարևոր է նաև կատալոգի ձևավորման ուսանողական փորձը. այն իրականացրել է կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնի ուսանողուհի Վիկտորյա Շահբազյանը:
Կատարված աշխատանքը գովեստի արժանացավ կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանի և գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչ Փարավոն Միրզոյանի կողմից՝ որպես ինքնաարտահայտման նոր եղանակ, անհատական ձեռագրի, մտածողության դրսևորում ժամանակակից թեմաների շուրջ: Արամ Իսաբեկյանն իր հերթին ավելացրեց, որ այս տարի նույնպես կառաջադրվեն նոր թեմաներ՝ հաջորդ տարվա նմանատիպ ցուցահանդեսի և կատալոգի ակնկալիքով: Նա հորդորեց ակադեմիայում գործող մյուս արվեստանոցների ղեկավարներին նույնպես նախաձեռնել և իրականացնել նման ծրագրեր:
Նախագծին մասնակից ուսանողների աշխատանքների կատալոգային ներկայացումը ամբողջացնում է ցուցահանդեսային տպավորությունները: Արամ Իսաբեկյանի, Արթուր Հովհաննիսյանի և Մարինա Հակոբյանի առաջաբանային խոսքը որոշակիացնում է ցուցահանդեսի առանձնահատկությունն ու նպատակը: «Առաջադրանք» նախագիծը փորձ է մեր արվեստանոցում ուսանող երիտասարդների հայացքն ուղղելու ամենօրյա երևույթների գեղագիտական կողմին: Սա փորձ է հնարավորինս խորությամբ ներթափանցելու թեմաների և դրանց շրջանակում հանդիպող երևույթների, կերպարների, իրավիճակների մեջ և սեփական դիտակետից վերլուծելու և վերարտադրելու այդ իրողությունները»,- կատալոգի առաջաբանում գրել է Արթուր Հովհաննիսյանը:
Մելանյա Բադալյան