Հայ-շվեյցարական համատեղ ծրագրի երկրորդ փուլ
Շվեյցարական Բազել քաղաքի դիզայնի դպրոցը վերջերս հյուրընկալել էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկա բաժնի ուսանողներին՝ դասախոսներ Նառա Մենդելյանի և Կատերինա Խաչատրյանի գլխավորությամբ։ Մեր ակադեմիայի ուսանողները այնտեղի վիզուալ կոմունիկացիայի բաժնի մագիստրատուրայի ուսանողների հետ շարունակել են Հայաստանում սկսած նախագիծը՝ այս անգամ ստեղծելով Բազել-Երևան թեմայով պաստառներ։
Շվեյցարիա մեկշաբաթյա այցելության ընթացքում մեր ակադեմիայի սաները շվեյցարացի ուսանողների հետ ձևավորեցին համատեղ ութ աշխատանքային խմբեր, կարճ ժամանակահատվածում հասցրեցին ծանոթանալ Բազելի ճարտարապետությանը, պատմությանը, մշակութային ժառանգությանը, ինչպես նաև շվեյցարական պլակատների հարուստ պատմությանը, որից հետո ստացած տպավորություններն ու նոր գիտելիքները ներկայացրեցին պաստառների լեզվով։ Նախագծի իրականացման ընթացքում ուսանողները այցելեցին պատմամշակութային մի շարք վայրեր (Բազելի Արվեստի թանգարան, Վիտրա դիզայնի թանգարան, Բազելի մայր տաճար և այլն), Կլաուդիա Բազել ստուդիայում մասնակցեցին վարպետաց դասերի, ինչպես նաև դիզայներ Լեանդր Էյզենմանի և աշխարհահռչակ դիզայներ Վերներ Յեկերի վարպետաց դասերին։ Այս դասերը հնարավորություն տվեցին ուսանողներին նորովի բացահայտել շվեյցարական պաստառների հարուստ պատմությունը, դրանց ստեղծման տեխնիկաները (մետաքսագրություն, քսիլոգրաֆիա, թվային տպագրություն և այլն), կարողացան հասկանալ շվեյցարական և հայկական պաստառների նմանություններն ու տարբերությունները։ Կարճ ժամանակահատվածում լավագույնս ներկայանալու մեջ շատ մեծ դեր ուներ հյուրընկալող կողմի՝ Բազելի դիզայնի դպրոցի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ջերմ և անմիջական ընդունելությունը, որն ուղեկցվում էր ամենօրյա համատեղ ճաշերկերույթներով և ընթրիքներով։
Ծրագրի ամփոփումը եղավ Բազելի դիզայնի դպրոցի ցուցասրահում կազմակերպված ցուցահանդեսով, որում ցուցադրված էին թե՛ Հայաստանում, թե՛ Շվեյցարիայում ստեղծված պաստառները։ Նշենք, որ շվեյցարական ուսանողների տարբեր մշակույթներին պատկանելն (Շվեդիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Գանա) այս անգամ ևս իր արտացոլումը գտավ համատեղ ստեղծված պաստառներում, որոնք միավորում էին ոչ միայն գաղափարների հետաքրքրությունն ու կատարման լավ որակը, այլև շվեյցարական ոճի ազդեցությունն ու վարպետաց դասերի ընթացքում ձեռք բերված նոր գիտելիքների կիրառումը։
Ողջունելով մասնակիցներին՝ Բազելի դիզայնի դպրոցի ռեկտոր Միխայիլ Ռեյներն ասաց, որ այս նախագիծը տարբերվում է մյուսներից նրանով, որ Հայաստանն այն վայրը չէ, որտեղ իրենք կամ իրենց ուսանողները եղել են նախկինում կամ շատ տեղեկացված են այդ երկրի մասին։ Խոսելով ժամանակակից աշխարհում դիզայնի և արվեստի դերի մասին՝ ռեկտորն ընդգծեց, որ դրանք կոտրում են բոլոր պատնեշները և ստեղծում են մի հետաքրքիր կապ, որը, ցուցահանդեսում ներկայացված տպավորիչ պաստառներից դատելով, արտահայտվում է նաև տիպոգրաֆիկայի լեզվի միջոցով։ Ամփոփելով խոսքը՝ Ռեյները շնորհակալություն հայտնեցկազմակերպիչներին, որոնք այս նախագծի իրականացման հնարավորություն էին ստեղծել։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց հայկական կողմի դասախոսներ Նառա Մենդելյանին, Նարինե Գրիգորյանին և Կատերինա Խաչատրյանին, ինչպես նաև շվեյցարական կողմը ներկայացնող Միշա Լեյներին։
Վերջինս իր խոսքը սկսեց մեջբերելով աշխարհահռչակ դիզայներ Վոլֆգանգ Վեյնգարտի խոսքերը․ «Դիզայնն ավարտվում է այն ժամանակ, երբ գործի են անցնում տպագրական սարքերը»։ Նա նշեց, որ ուսանողներն այնքան էին տարվել իրենց աշխատանքներով և այնքան էին ցանկանում կատարելագործել դրանք, որ հետաձգեցին տպագրության գործընթացը մինչև ամենավերջին պահը։ Լեյներն ասաց, որ հաճելի էր ոչ միայն այսպիսի վերջնարդյունք ունենալն ու աշխատանքային պրոցեսը, այլ բոլոր այն զվարճալի և հետաքրքիր պահերը, որ իրենք ունեցել են մեկ շաբաթվա ընթացքում։
ՀԳՊԱ-ի դասախոս Նառա Մենդելյանը շնորհակալություն հայտնեց ակադեմիայի, ուսանողների և դասախոսների անունից։ Նա ասաց, որ հպարտանում է իր ուսանողներով և այն ինքնատիպ պաստառներով, որ վերջիններս ու Բազելի դիզայնի դպրոցի սաները կարողացել են ստեղծել շատ կարճ ժամանակահատվածում։ Մենդելյանը նշեց նաև, որ հրաշալի վերջնարդյունքից բացի կարևոր է համարում այն, որ իր ուսանողները Շվեյցարիայում ձեռք բերեցին շատ լավ ընկերներ։ Ամփոփելով խոսքը նա ասաց, որ իրենք շատ բան սովորեցին շվեյցարացիներից և հույսով է, որ վերջիններս էլ ինչ-որ բան սովորեցին հայերից։
Արման Հարությունյան
Նախագծի մասնակիցներ
Համակարգողներ | |
Շողակաթ Մլքե-Գալստյան | |
Նարինե Գրիգորյան | Բազելի Դիզայնի դպրոց |
Մկրտիչ Այվազյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Միխայիլ Ռեյներ | Բազելի Դիզայնի դպրոց |
Դասախոսներ | |
Միշա Լեյներ | Բազելի Դիզայնի դպրոց |
Նառա Մենդելյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Կատերինա Խաչատրյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Ուսանողներ | |
Էվելինա Հալեն | Բազելի Դիզայնի դպրոց |
Լարա Հադդադին | Բազելի Դիզայնի դպրոց |
Զուբին Լակրա | Բազելի Դիզայնի դպրոց |
Ջինյու Լի | Բազելի Դիզայնի դպրոց |
Սաբինա Լաներ | Բազելի Դիզայնի դպրոց |
Ֆանի Դեմիեր | Բազելի Դիզայնի դպրոց |
Կվակու «Ռիզ» Օպոկու | Բազելի Դիզայնի դպրոց |
Անահատ Կաուր | Բազելի Դիզայնի դպրոց |
Սիմոն Մարի | Բազելի Դիզայնի դպրոց |
Օբրի Ալֆոնսո Պոլ | Բազելի Դիզայնի դպրոց |
Ինեսա Պողոսյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Արման Հարությունյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Հակոբ Մելքոնյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Ալբերտ Բաղդասարյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Սիրանուշ Զուրաբյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Գայանե Այվազյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Լուսինե Սաղաթելյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Գևորգ Օրդակյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |