Գյումրիում տեղի կունենա մտավոր սեփականության իրավունքի միջազգային օրվան նվիրված միջոցառում
«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը արդեն երկու տարի Երևանում կազմակերպում և անցկացնում է ապրիլի 26-ի Մտավոր սեփականության իրավունքի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ։ 2019-ի միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, Կառավարության և տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, դատավորներ և բազմաթիվ հայտնի ստեղծագործողներ ու արվեստագետներ։
Այս տարի Մտավոր սեփականության իրավունքի միջազգային օրվան նվիրված միջոցառումը նախատեսվում է անցկացնել Գյումրիում՝ ապրիլի 11-ին։ Միջոցառումն ունի հետևյալ նպատակները․
- Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին և ՀՀ-ում գտնվող արտերկրյա հյուրերին ծանոթացնել Գյումրիի մշակույթին և արվեստին,
- օժանդակել ստեղծագործողներին՝ գնելով նրանց ստեղծագործությունները,
- խթանել ստեղծագործական գործունեությունը։
Վերոգրյալ նպատակներից ելնելով Գյումրիում նախատեսվում է անցկացնել հետևյալ միջոցառումները․
- գիտաժողով և կլոր սեղան-քննարկում մտավոր սեփականությանը վերաբերող թեմաներով,
- Գյումրեցիների ստեղխագործությունների ցուցահանդես-վաճառք (նկարներ, քանդակներ, զարդեր, կերամիկա և ձեռագործ այլ ստեղծագործություններ),
- համերգային և/կամ մշակութային այլ ծրագրեր։
«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամ