Աբբաս Բադաշխան Զոհուրի․ «Ուժեղ Հայաստանը բարեկամ Իրանի պարծանքն է»
Պատմական ժամանակներ ենք ապրում՝ ճակատագրական մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Հայաստանի աշխարհագրական դիրքը մեր ողջ պատմության ընթացքում ունեցել է վճռորոշ դեր։ Տարածաշրջանային ներկա աշխարհաքաղաքական զարգացումներում, մասնավորապես պարտված հետպատերազմյան այս իրավիճակներում մեզանից պահանջվում է ծայրահեղ զգոնություն և իրատեսություն՝ արտաքին, դիվանագիտական հարաբերությունների մեջ մասնավորապես։
Հայտնի իրողություն է երկրների փոխհարաբերությունների զարգացման մեջ մշակույթի, արվեստի առաջնային դերը՝ որպես համամարդկային շփման լեզու։ Հարավի մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար կարևորագույն ստրատեգիական երկիր է, և մեր երկու երկրների փոխադարձ հարաբերություններին նպաստող յուրաքանչյուր քայլ այսօր ավելի քան կենսական է։
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ստորագրեցին երկու երկրների գեղարվեստի բուհերի միջև համագործակցության հուշագիր։ Հուշագրի ստորագրմանը նախորդեց բովանդակային հանդիպում ՀԳՊԱ-ի ղեկավարության և Հայաստանում ԻԻՀ-ի դեսպանի, դեսպանատան աշխատակիցների հետ։ Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեց համոզմունք երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտության մասին։
Հպանցիկ անդրադառնալով ակադեմիայի գործունեությանը՝ ռեկտոր Արամ Իսաբեկյանը խոսեց եվրոպական մի շարք երկրների գեղարվեստի ակադեմիաների, դպրոցների հետ համագործակցության մասին, միաժամանակ հատուկ ընդգծեց ներկա համագործակցության առանձնահատուկ նշանակությունը՝ նկատի առնելով Հայաստանի և Իրանի հետ պատմականորեն ձևավորված հին և խորը կապերը։ «Տարածաշրջանային ներկա իրադարձությունների ընթացքում մենք տեսանք ձեր դիրքորոշումը, և դա շատ կարևոր է մեր երկրի համար։ Պատերազմից հետո և մեր ներկա վիճակում առաջարկը ձեր կողմից՝ կնքելու այս համաձայնագիրը, մեզ շատ է ուրախացնում։ Սա ևս մեկ աջակցություն է, նոր բարեկամության սկիզբ արվեստի, մշակույթի ոլորտում»։
Նա տպավորություններով կիսվեց տարիներ առաջ Սպահան կատարած այցելությունից՝ հիացած քաղաքի մշակույթով, մաքրությամբ, հյուրընկալությամբ, որտեղ տեսել էր իրանցի ժողովրդի ջերմ վերաբերմունքը տեղաբնակ հայերի, հայկական համայնքի նկատմամբ, և թե ինչպիսի բծախնդիր ուշադրությամբ և խնամքով են պահպանվում հայկական եկեղեցիները, հայ մշակույթը։
Դեսպան Զոհուրին, արձագանքելով ռեկտորի այս խոսքերին, նկատեց, որ գեղեցիկ քաղաքներն Իրանում շատ են, բայցև կա հայտնի ասացվածք, որ Սպահանը ներկայացնում է աշխարհի կեսը։ Նա քանիցս և առանձնահատուկ նշեց իրանցիների հարգալից վերաբերմունքը ոչ միայն տեղի հայ համայնքների, նաև հայաստանցիների նկատմամբ։ Խոսելով տարբեր ոլորտներում Իրանի ձեռքբերումների մասին՝ հիշատակեց հայերի բերած նպաստը երկրի տնտեսության, գիտության, մշակույթի և այլ ասպարեզների զարգացմանը։ «Իրանում երբեք չեն մոռանում մշակութային այն արժեքները, որոնք ստեղծվել են հայ գործիչների կողմից և փոխանցվել Իրանի ժողովրդին»։
Դեռևս խորհրդային ժամանակներից հայ-իրանական մշակութային բացը լրացնելու համար շատ ջանք է պետք գործադրել․ այս համագործակցությունը այդ հնարավորություններից մեկը դիտվեց, կարևորվեցին գաղափարների իրագործման գործնական քայլերը, ճանապարհային քարտեզի հստակ ժամանակացույցի ձևակերպումները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նույնպես կարևորեց թղթային հուշագրային համագործակցման՝ գործնականի վերածելու քայլերը, հույս հայտնեց հետագայում նաև այլ բուհերի հետ նմանաբնույթ համագործակցումների, հատկապես գիտության, գիտատեխնիկական ոլորտի մեջ, որովհետև ինչպես ասաց՝ «եթե ուզում ես ապրել խաղաղ, պետք է ունենաս ուժեղ գիտություն»։
Այս առիթով Իրանի դեսպանը մի շարք նկատառումներ արեց․ նա ասաց, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունները լինելով բարձր մակարդակի վրա, այդուհանդերձ միմյանց պոտենցյալը լավ չենք ճանաչում։ «Համագործակցումը սկսելու և այն զարգացնելու կարևորագույն գործոնը երկկողմ ճանաչողության խնդիրն է»։ Բերելով մի քանի օրինակներ, նա տեղեկացրեց, որ Իրանում արհեստական ինտելեկտի հիմնադիրը հայ է եղել, որ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանը աշխարհում 4-րդ հորիզոնականում է, ցողունային բջիջների, ռադիոդեղորայքի և այլ ոլորտներում նույնպես բարձր տեղեր է զբաղեցնում։ Անդրադարձավ նաև երկու տարբեր գաղափարախոսությունների՝ քրիստոնեության և մահմեդականության միջև խաղաղ գոյակցության և փոխըմբռնման հնարավորությանն ու կարևորությանը՝ մասնավորապես շիա ուսմունքի հետևորդների կարծիքով՝ «աստվածային կրոնների միջև շատ տարբերություններ չկան, բոլոր աստվածային կրոնները ուղղորդում են դեպի բարին, մաքուրը, դեպի խաղաղ գոյակցության»։ Այս կոնտեքստում նա նշեց, որ եթե հայկական եկեղեցիներին ուշադիր նայեք, կտեսնեք, որ ավելի բարեկարգված և գեղեցիկ պահպանված են, քան շատ մզկիթներ։
Կրկին անդրադառնալով պատմամշակութային խեղաթյուրումներին, ինչի առիթով Արամ Իսաբեկյանը ասաց, որ դա չի վերաբերվում հայկական կողմին, դեսպանը հիշեցրեց պարսից հայտնի բանաստեղծի հետ կապված դեպքը, երբ ամենքին է հայտնի նրա ծագումը, բայց մի փոքր երկիր հանդես է եկել կոչով, թե դա իրենց բանաստեղծն է։ «Մենք պիտի հստակ և կտրականապես պահպանենք, այն ինչ ունենք և թույլ չտանք պատմամշակութային արժեքների և կոթողների խեղաթյուրումներ»։
Արդեն ամիսներ է, ինչ համագործակցություն է ընթանում Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի միջև՝ «Իրանը հայ նկարիչների հայացքով» նախագծի շուրջ, որի առաջին փուլը՝ նկարիչների և ստեղծագործությունների ընտրության, ավարտված է, և աշնանը կլինի ցուցահանդեսի բացումը։ Հաջորդ նախագիծը լինելու է «Հայաստանը Իրանի նկարիչների հայացքով»։ Այս մասին տեղեկացրին Սուրեն Սաֆարյանը և պրն Թաբաթաբային։ Վերջինս նշեց, որ առաջին քայլը՝ համագործակցության կնքումն է, միաժամանակ տեսնելով Արամ Իսաբեկյանի աջակցության պատրաստակամությունը, վստահ է, որ թղթային համագործակցությունը կյանքի կկոչվի շատ արագ (Նկարիչների միության հետ գործնական քայլը նախորդել է թղթայինին)։ Ակնկալելով մեր նախարարության աջակցությունը՝ նա ներկայացրեց նախագծի հերթական փուլերը՝ առաջիկայում օնլայն ձևաչափով հայտարարվելու են մրցույթի հաղթողները, տրվելու են մրցանակները՝ այցելություն Իրան, որտեղ հայ նկարիչները վստահաբար կտավին մեկ ուրիշ Իրան կպատկերեն՝ երկրին անմիջականորեն ծանոթանալուց հետո։
Այս արդյունավետ հանդիպման ողջ ընթացքում իրանական կողմի ջերմ վերաբերմունքը՝ թե՛ իրանահայ համայնքի, թե՛ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ակնհայտ, անթաքույց էր։ Ահավասիկ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի տպավորիչ, հուզիչ խոսքերը, որոնք արժանացան ծափողջյունների։ «Իրանը, չնայած բոլոր այն պատժամիջոցների, որոնք կիրառվել են երկրի նկատմամբ, կարողացել է ոտքի կանգնել և հիմա իր անկախությունը լիարժեք վայելում է։ Նկատելի է, որ Հայաստանն էլ զգում է երկրի անկախության կարևորությունը՝ որ կարողանա ոտքի կանգնել, անկախություն ունենալ և առաջնորդվել այս սկզբունքով՝ զարգացնելու տնտեսությունը, գիտությունը, մշակույթը և մնացած ոլորտները։ Ուժեղ Հայաստանը բարեկամ Իրանի պարծանքն է»։
Մելանյա Բադալյան