Երևակայություն և բազմազանություն
Քանդակագործ ուսանողների որոնումները
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի քանդակագործության բաժնի 4-րդ կուրսի ուսանողների աշխատանքները ստեղծագործական երևակայության հետաքրքրական մոտեցում են: «Բիսկվիթ» խորագրով ցուցահանդեսը, ինչպես քանդակագործ Գարեգին Դավթյանը բնորոշեց, աչքի է ընկնում բազմազանությամբ, որտեղ առկա է հատկապես նորի որոնումը: Ուշադրություն են գրավում էմոցիոնալ վիճակների արտահայտության ձևերը («Մտորում», «Մղձավանջ», «Օտարություն»), երևակայական զգացողությունների դրսևորումները («Քարերի Աստվածի և օձի զրույցը», «Կախիչ»):
«Նայելով այս աշխատանքներին՝ տեսնում եմ միտք, ճաշակ, էքսպրեսիա, հնարավորությունները շատ են,- ցուցահանդեսի բացմանը ասաց Արամ Իսաբեկյանը։- Բուհն ավարտելուց հետո, երբ նրանց հնարավորություն է տրվում մոնումենտներ տեղադրել քաղաքում, որոշ դեպքերում դա չի հաջողվում, պետք է աշխատել մոնումենտալության վրա: Ինչո՞ւ եմ սա ասում։ Որովհետև նայում եմ այս գործերին և ինձ ուրախություն է համակում, հիանալի աշխատանքներ են, գնահատում եմ»:
Ուսանողներին հաջող աշխատանքների համար շնորհավորեց նաև Քանդակագործության ամբիոնի վարիչ Գետիկ Բաղդասարյանը։ Նա նշեց, որ ստեղծագործողի համար անհրաժեշտ` աշխատանքները հանրությանը ներկայացնելուց բացի, պակաս կարևոր չէ դրանց հանրային քննարկումը։
Ցուցահանդեսի մասնակիցներից Հովհաննես Բաղդասարյանը ի խոնարհում 2016-ի Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի հիշատակին, քանդակել էր հերոս զինվորի մարմարե կիսանդրին և այն նվիրել վերջինիս ընտանիքին: Հերոսաբար զոհված երիտասարդի հայրը՝ Խաչատուր Սահակյանը, որ ներկա էր ցուցահանդեսի բացմանը, շնորհակալությամբ դիմեց ներկաներին և հեղինակին՝ վերաբերմունքի, անգին նվերի համար: Նա ասաց, որ օրերս Քաշաթաղում կբացվի Ադամ Սահակյանի անվան դպրոց:
Մելանյա Բադալյան