Ներհակասական վիճակներ. «Սինդրոմ»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկա կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Զարուհի Թովմասյանի և Մարիետա Վարդանյանի միասնական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, խորագրված է «Syndrome» («Սինդրոմ»)։ Վերնագրերը սովորաբար ներքին իմաստները, գործի բովանդակությունը խտացնող, ընդգծող նշանակությամբ են։ Այդքան էլ հեշտ չէ ընտրությունը ամբողջացնող այդ մեկ բառի։ Այս պարագայում այն իսկապես գտնված է, միանգամից ուշադրություն գրավող ու համահունչ ցուցադրված աշխատանքներին, որոնցում երևակայությունն ու միտքը բավական ակտիվ աշխատել են։ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը ցուցահանդեսը գնահատեց ճշգրիտ, լակոնիկ՝ երկու բառով, խելոք և ազդեցիկ։
Եթե վերնագրի ուղղակի ստուգաբանությամբ փորձենք հասկանալ աշխատանքները, այն է՝ (հոգեբանական) ախտանիշների համակցություն, ապա արտահայտչամիջոցները իսկապես ընտրված են ավելի քան ազդեցիկ։ Այստեղ մարդու ներքին աշխարհի, նրա իրարամերժ, հակասական, անհաստատուն բնույթի, ինքն իր հետ անհաշտ լինելու ամենասկզբնական սինդրոմի արտահայտությունն է և դրա պատճառ-գործողության հետևանքը։ Դա տառապանքն է մարդու, նրա վախը, անհուսությունը, օտարվածությունը, լքվածությունը, անպաշտպան լինելը, մի խոսքով՝ կյանքի մղձավանջը։ Նաև թվում է մարդու անհուսորեն անվերջանալի թվացող պայքարի դրսևորումներ են, երբ նա այլևս փակուղու առաջ է, էքզիստենցյալ, սահմանային վիճակներում։
Իր անկատարության, թուլությունների, տկարության, անհաջողությունների պատճառները երբ մարդը փորձում է որոնել ամեն տեղ, բայց ոչ իր մեջ, իր ներսում, և կուտակված հույզերն ու ապրումները չեն ունենում արտաքին աշխարհից արձագանք, օղակը սեղմվում է, գույները թվում են ավելի քան մռայլ, մութն ավելի է խտանում, մարդկային հարաբերությունների խրթին լաբիրինթոսում ապրելու տարածքը սկսում է խիստ պակասել. այսպիսի տպավորություն է։ Հեղինակների աշխատանքները իրապես լրացնում, շարունակում են միմյանց, ասես մտքի նույն հոսքն ու տրոփն է։
«Ինքնատիպ գործեր են։ Գրաֆիկական ցուցահանդեսները ինձ միշտ ավելի ոգևորել են, որովհետև բացի արվեստից, տեխնիկական կողմը ևս կարևոր է, տեխնոլոգիաները ներդրում ունեն աշխատանքի պրոցեսում»,- իր վերաբերմունքն արտահայտեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։
Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանը գոհունակությամբ արտահայտվեց ուսանողների աշխատանքային ընթացքից և համատեղ ստեղծագործելու կուլտուրայից. «Աշխատել են լաբորատորիայի ներքևի հարկում՝ ոգևորելով իրենց գործով հետաքրքրված ուսանողներին, թե ինչպես կարելի է միմյանց հետ համագործակցել և չմրցակցել, օգնել միմյանց, իսկ մյուսներն նաև՝ տեխնիկապես։ Եթե սկզբնական շրջանում ազդեցություններ էին զգացվում, հիմա արդեն ինքնուրույնություն են ձեռք բերել։ Շատ կարևոր է, որ նրանք հետագայում էլ ստեղծագործեն ինքնուրույն ոճով, պահպանեն իրենց մոտեցման ձևը՝ ոչ միայն տեխնիկական կողմի, նաև ասելիքի։ Ցուցահանդեսը առանձնանում, տարբերվում է՝ թե մտածողությամբ, թե կատարման ձևով, և աշխատանքներն էլ կախված են զուտ գրաֆիկական մոտեցմամբ՝ առանց շրջանակի»։
Հայկ Մարտիրոսյանը ցուցահանդեսը համարեց ուսուցողական, որն ուսանողներին ռիսկային մտածողության ու մոտեցման է մղում։ Գրական նկատելի ազդեցությունները աշխատանքներին էքսպրեսիոնիստական բնույթ են հաղորդում։
Զարուհին և Մարիետան մտերիմ են եղել դեռ Թերլեմեզյանի անվան քոլեջում սովորելիս, եղել են հետաքրքրասեր, ակտիվ հարցադրումներով ուսանողներ, և նույն կերպ շարունակում են ուսումը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Այս մասին պատմեց արվեստաբան Գայանե Պողոսյանը, որ նրանց դասավանդել է ուսումնական այդ երկու հաստատություններում։
«Գրաֆիկական այս գործերը, որ արված են հիմնականում նույն տեխնիկայով, նույն գունային միջավայրում, համահունչ են թեմային։ Խորագրի՝ «Սինդրոմ»-ի մեջ առեղծվածային մի բան կա, գրական ոգեշնչումներ կան, իհարկե նաև ներանձնական հույզեր, կանացի հոգեբանության խնդիրներ, ինչպես են կառավարվում դրանք, այս ամենը ալեգորիկ կերպարավորումներով հոգեբանական տարբեր վիճակների, հույզերի, վախերի, տագնապների դրսևորումներ են՝ արվեստի լեզվով հանդիսատեսին փոխանցվող»,- ասաց նա։
Ավարտին Մկրտիչ Այվազյանը նման ցուցահանդեսների գոյությունը դիտարկեց որպես ամբիոնների աշխատանքը ներկայացնող լավ արդյունք։
Մելանյա Բադալյան