Բարի ավանդույթ՝ Ամանորին ընդառաջ
Անցած դեկտեմբերի այս օրերին ՀԳՊԱ-ի Կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Մարիա Բաբյանը հետաքրքրական փորձ արեց՝ խեցեգործության լաբորատորիայի պրակտիկ աշխատանքներին մասնակից դարձնելու ակադեմիայի աշխատակիցներին, այդ մեկ օրը ուսանողների հետ և նրանց օգնությամբ կավագործությամբ զբաղվելու․ ցանկալի էր տոնածառի խաղալիքներ պատրաստել։ Լաբորատորիայում տիրող մթնոլորտը, մասնակիցների ակտիվությունը միջոցառման հանդեպ հետաքրքրության մասին էր խոսում։
Անցած ուրբաթ այս փորձը կրկնվեց նույնպիսի ոգևորությամբ, նոր մասնակիցների ներգրավմամբ։ Մարիա Բաբյանն ասում է, որ բարի ավանդույթ է ձևավորվում, Ամանորին ընդառաջ նման միջոցառումն ուսանողների և ակադեմիայի աշխատակիցների համագործակցությամբ։ Նախապես պատրաստած կավը, համապատասխան կտորներն ու գործիքները բաժանվում են մասնակիցներին, տեխնիկական մի քանի ցուցումներ են արվում, ու սկսվում է աշխատանքը։ Կավը, կավի հետ աշխատելը, դրանով թեկուզ փոքր մի բան պատրաստելը թաքնված ինչ-որ խորհուրդ ունի։ Մասնակիցներից մի քանիսն ասացին, որ այն ոչ միայն հաճելի է, նաև հանգստացնող հանգամանք ունի, արտթերապիայի մի տեսակ է։ Տոնածառի խաղալիքներն արդեն իսկ ուրախության առիթ են, իսկ սեփական ձեռքերով դրանք սարքելն առավել ևս, մտքիդ մեջ եղած բարի բաղթանքն ու ցանկությունն էլ ակամա կշաղախես կավին, ու դրանով այն կդառնա թանկ։
Խեցեգործության լաբորատորիայի վարիչ Սարիկ Մարտիրոսյանն աշխատանքի ընթացքում լավ առաջարկ արեց՝ համագործակցել հագուստի մոդելավորում բաժնի հետ՝ աշխատանքային համապատասխան գոգնոցներով ապահովելու։ Կտորի տեսակն ու դրանց ձևերը նախապես կտրամադրվեն իհարկե, և անպայման՝ ՀԳՊԱ-ի լոգոյով, խեցեգործության կամ կիրառական արվեստի լաբորատորիա, գործընկեր՝ մոդելավորման բաժին նշումներով։
Մելանյա Բադալյան