Ցուցահանդեսային շարունակություն՝ «2+2»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ այսպես ասած ցուցահանդեսային շարունակություն էր՝ Համակարգչային գրաֆիկայի չորս ուսանողուհիներ Դիանա Հարությունյանի, Սյուզաննա Բարսեղյանի, Միլենա Տերունյանի, Անի Սարգսյանի աշխատանքների, «2+2» խորագրով։
Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը շնորհավորելով նրանց, մաղթեցին ստեղծագործական նոր հաջողություններ։
Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը ավելի մանրամասնեց, ասելով, որ ուսանողներից երկուսի շատ ինտենսիվ աշխատանքի հետևանք եղավ այս ցուցադրությունը, քանի որ նրանք բազմաթիվ նոր գործեր էին ստեղծել և կատարված աշխատանքը ամբողջական ներկայացնելու համար պահանջվեց ևս մեկ ցուցահանդես կազմակերպել։ «Նրանք իրենց կուրսային առաջադրանքները, ծրագրերը կատարելով, մտան կայացած ստեղծագործողի ուղի և դիպլոմային աշխատանքներից հետո մի շարք այլ գործեր արեցին, ցույց տվեցին, որ կայացած նկարիչ-դիզայներներ են համակարգչային գրաֆիկայի ասպարեզում»։
Շնորհակալություն հայտնելով ռեկտոր Արամ Իսաբեկյանին, նա, ինչպես սրանից առաջ էլ շատ անգամներ, կարևորեց ցուցասրահի նշանակությունը, աշխատակիցների՝ Իրինա Իսաբեկյանի և Լիանա Խաչատրյանի հոգատար վերաբերմունքը․ «Ցուցասրահը ակադեմիայի ամենագողտրիկ վայրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս ուսանողին՝ թե՛սովորելու ընթացքում, թե՛ ավարտելուց հետո ներկայանալ իր ստեղծագործություններով։ Սա ձեր առաջին փոքրիկ քայլն էր, ձեր կամերային անհատական ցուցահանդեսը եղավ, որի համար շնորհակալություն ցուցասրահի գոյությանը, նրա հովանավոր Ալբերտ Բոյաջյանին»։
Նա այս օրերին Երևանում է, և այցելությունը ցուցասրահ սիրով ողջունեցին ներկաները։
ՀԳՊԱ-ն, խորհրդային ավելի քան քառասուն տարիներին և դրանից մեկ տասնամյակ էլ անց ունենալով զարգացման տարբեր փուլեր, հաջողություններ, չի ունեցել գեղարվեստի բուհի համար կարևորագույնը՝ ցուցասրահ։ Այդ տարիներին որևէ մեկը ուսանելու ընթացքում աշխատանքների ցուցադրության հնարավորություն չի ունեցել և ոչ էլ թույլ է տրվել, առավել ևս խրախուսվել․ դա եղել է երազանք շատերի համար։ Այդ երազանքն իրականացավ 2001-ին, ռեկտոր Արամ Իսաբեկյանի նախաձեռնության և ջանքերի շնորհիվ, երբ իր վաղեմի ընկերոջ, ամերիկահայ բիզնեսմեն Ալբերտ Բոյաջյանի հոգածությամբ և աջակցությամբ հնարավոր եղավ ստեղծել, կառուցել այս ցուցասրահը։ Քսանմեկ տարի արդեն անընդմեջ, ուսումնական ողջ տարվա ընթացքում հարյուրավոր ցուցահանդեսներ են կայացել այս սրահում՝ ինչպես ուսանողների, նաև դասախոսների՝ թե խմբակային և թե անհատական․ ըստ որում այստեղ բազմաթիվ անգամներ ցուցադրվել են նաև հեղինակներ ակադեմիայի շրջանակներից դուրս, նաև՝ սփյուռքից։
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը արդեն վաղուց մայրաքաղաքի մշակութային սիրված վայրերից է, իր ակտիվ գործունեությամբ, հաճելի մթնոլորտով գնահատված քաղաքի արվեստասեր հանրության կողմից։
Մելանյա Բադալյան