Մանկական ժպիտ ցուցասրահում
Արև օր, կանաչի մեջ կորած ծառեր, ժպիտներ, գույներ, նկարներ, ծաղիկներ․ ուրիշ էլ ինչ է պետք, որ օրը դառնա հրաշալի։ Ամեն տարի հունիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կադրերի հաշվառման և ընդհանուր բաժնի ղեկավար Նորա Կարապետյանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության օրը դառնում է ավելի տոնական՝ յուրաքանչյուր անգամ մի նոր, հաճելի անակնկալ ավելացնելով նախորդին։ Այս օրը ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը մանկանում է, լցվում գույնզգույն փուչիկներով, անուշ երաժշտությամբ, քաղցրավենիքով ու ուրախությամբ։ Ամենից հաճելին մասնակիցների՝ ակադեմիայի աշխատակիցների երեխաների, թոռնիկների նկարչական աշխատանքների ցուցադրությունն է։
Գրեթե բոլոր երեխաները ամենափոքր տարիքից սիրում են նկարել․ հավանաբար արտահայտվելու միջոցներից մարդուն ամենից մոտը պատկերայինն է, միջավայրի, շրջապատի իրերի առաջին տպավորությունների մասին այս լեզվով խոսելը ավելի հաճելի և կամ հեշտ է։ Երեխաներին այս մասին չես հարցնի, իրենք ոչինչ չեն ասի, մեծահասակների աշխարհը նրանց հազիվ թե հասկանա, բայց գիտի, զգում է, թե որքան վարակիչ ու հուզիչ են նկարների անմիջականությունն ու պարզությունը։ Էլ չասած՝ երբեմն էլ հանելուկային, երբ նրանք, այնուամենայիվ, սկսում են բացատրել․․․
«Իրոք շշմելու աշխատանքներ են։ Մենք երևի թողնենք նկարչությունը, մեր տեղը զիջենք իրենց»,- հումորով ասաց Ավետիք Ավետիսյանը։
Նորա Կարապետյանը, որ միշտ սիրով ու գորովանքով է կազմակերպում օրվա տոնը, շնորհավորեց երեխաներին, շնորհակալությամբ անդրադարձավ ցուցասրահի աշխատակիցներին՝ Իրինա Իսաբեկյանին և Լիանա Խաչատրյանին աջակցության համար, ներկաներին և ամենքին խաղաղության մաղթանքով։
Մելանյա Բադալյան