
«Ամերիկյան հետազոտություններ» ծրագիրը հայտարարում է մրցույթ
Երևանի պետական համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» (American Studies) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է ամերիկագիտության բնագավառին վերաբերող հետազոտական աշխատանքների մրցույթ: Մասնավորապես, խրախուսվում են ԱՄՆ ժամանակակից հասարակական-քաղաքական իրողություններին, տնտեսությանը և բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը, միջազգային և տարածաշրջանային հարթություններում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերակատարությանը, ամերիկյան հոգևոր-մշակութային կյանքին, ինչպես նաև ԱՄՆ պատմության առանձին դրվագներին վերաբերող հետազոտություններ:
Մրցույթի նպատակներն են․
- ընդլայնել և հարստացնել ամերիկագիտական հետազոտությունների գիտահետազոտական ներուժը,
- խրախուսել ամերիկագիտության բնագավառում ակադեմիական և կիրառական բնույթի հետազոտությունների իրականացումը:
Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող հետազոտողներ։ Հաղթող ճանաչված հայտերի նախատեսվող ֆինանսական աջակցությունը` մինչև 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են․
- առնվազն երեք տարվա գիտահետազոտական փորձառություն,
- գիտական աստիճան հասարակական գիտությունների ոլորտում,
- միջազգային ակադեմիական հետազոտական փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
- հետազոտական խմբի կողմից հայտ ներկայացվելու դեպքում առաջնահերթությունը կտրվի երիտասարդ գիտաշխատողների ներգրավվածությամբ հետազոտական նախագծերին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- ինքնակենսագրական (CV),
- գիտական հետաքրքրությունների շրջանակի (Statement of Interests) նկարագրություն՝ 3-5 էջի սահմանում,
- հետազոտական առաջարկ (Research Proposal)` առավելագույնը 1500 բառի սահմաններում`առաջարկված թեմատիկաներից որևէ մեկի շրջանակում,
- բյուջե (նախագիծ)։
Մրցույթի մասնակիցներն իրենց դիմումները կարող են ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն, կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի ղեկավար, պրոֆ․ Ալ․ Մարգարովին (amarkarov@ysu.am) և «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ․ Ագլյանին (aglyan@gmail.com): Մրցույթի մասնակիցների դիմումների ընդունման վերջնաժամկետը` 2022 թվականի ապրիլի 29-ը: