Ամենամյա ուսանողական ցուցահանդես Նկարիչների միությունում
Ուսումնական տարվա ընթացքում առանձին մասնագիտությունների ուղղությամբ պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներից բացի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ուսանողական ամենամյա ընդհանուր ցուցահանդեսի ավանդույթ է ձևավորել, որը յուրատեսակ ամփոփում կամ ստուգատես է դասախոս-ուսանող աշխատանքի, դրա արդյունքի լավագույն ներկայացումը։
Երեկ Նկարիչների միության մեծ սրահում բացված ցուցահանդեսը դրա վկայությունն էր, որի կազմակերպման մեջ ակտիվ դեր կատարել է ակադեմիայի ուսանողական խորհուրդը՝ Մանե Մակյանի ղեկավարությամբ։ Ցուցահանդեսի բացմանը դրվատանքի և շնորհակալության խոսքեր ասաց ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը՝ ուսխորհրդի կատարած ակտիվ աշխատանքի, միաժամանակ Նկարիչների միության վերաբերմունքի՝ ցուցասրահը տրամադրելու և աջակցության և իհարկե՝ ուսանողների աշխատանքային-ստեղծագործական բազմաբնույթ մոտեցումների համար։
Ցուցահանդեսի բազմազանությունն ու հետաքրքրությունը ապահովում էր տարբեր մասնագիտությունների՝ այսպես ասած, ներկայությունը (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դիզայն, կերամիկա, հագուստի մոդելավորում) մեկ ընդհանուր միջավայրում, որը հատկապես օտար հայացքի համար ակադեմիայի գեղարվեստական կրթության մասին ընդհանուր պատկերացում կազմելու ու գնահատելու լավ հնարավորություն է։
Իրենք՝ դասախոսները, ովքեր ղեկավարել, ներկա են եղել շատ աշխատանքների ստեղծման ընթացքին, ցուցահանդեսային միջավայրում դրանց նկատմամբ մեկ այլ հայացք ու վերաբերմունք են դրսևորում, և սա հետաքրքրական է։ Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ քննությունների ժամանակ կամ դասապրոցեսներից արդեն ծանոթ աշխատանքները ցուցահանդեսային ֆորմատով այլ կերպ են դիտվում և դրանց՝ այսպիսի միջավայրային ընկալումը տարբեր է։ Նկարչական ակադեմիական կրթության և ժամանակակից արվեստի միջազգային տենդենցների զուգադրումը ուսանողների մոտ տարբեր է, անհատական մակարդակի վրա է՝ պայմանավորված նրանց հետաքրքրություններով, խառնվածքով, օժտվածության աստիճանով, և պետք էլ չէ թռիչքներ ակնկալել սկսնակ ուսանողներից, թեկուզ՝ երրորդ կուրսեցիներից։ Սակայն «թե՛ դասական, թե՛ արդիական տենդենցներին հարող մոտեցումներն ակնհայտ երևում են ցուցահանդեսային աշխատանքներում, ինչը զերծ է պահում ցուցահանդեսը միանմանությունից»։
Նկարիչնեչի միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նաև գծանկար առարկա է դասավանդում ՀԳՊԱ-ում․ արվեստագետի բնական վիճակը տվյալ ժամանակի զգացողությունն է, ըստ դրա ձևավորվող գեղարվեստական մտածողությունն ու վերաբերմունքները․- յուրաքանչյուր սերնդի ստեղծագործություն իր ժամանակի, իր իրականության անհատական ընկալման արդյունքն է։ Այս համատեքստում անդրադառնալով համակարգչային-վիրտուալ նկարչության հետ կապված առկա մտավախություններին՝ նա կարծում է, որ դա ավանդական նկարչությանը վտանգ կամ նահանջ չի սպառնում։
Ներկայացված քանդակային աշխատանքների հետաքրքրությունը նախ՝ դրանց շարժառիթային-լեյթմոտիվային գաղափարներն են՝ դիտողին մտածելու առիթ տվող, իհարկե նաև կատարողական հաճելի անակնկալները։ Այս առումով հետաքրքրական են Գարեգին Դավթյանի դիտարկումները։ Ցուցահանդեսի հաջողությունը, ըստ նրա, պայմանավորում են մի շարք հատկություններ․ նախ՝ բազմազանությունը՝ թեմայի, ժանրի, նյութի, կարևոր հանգամանք է համարձակությունը, ազատ մտածողության, կատարելաձևերի, մատուցման, այսինքն որոնողական հայացքը։ Ոճային հստակությունը, որը երևում է մի քանի աշխատանք ներկայացրած հեղինակների մոտ, հստակ ձեռագիր ունենալու, սեփական ոճի կարևորության, դրան հարազատ մնալու գիտակցում է։
Փորձի պակասը օրինաչափ է՝ անխուսափելիորեն ժամանակ պահանջող․ ճանապարհ պիտի անցնել։ Բացահայտումներ չկան թեև, սակայն առկա է, նկատելի է «ամենակարևորը՝ բարձր ճաշակ կա․ մենք բոլորս ճաշակի մասնագետներ ենք չէ՞ ուզում պատրաստել․ ճաշակը կամաց-կամաց սողոսկել է մեջները։ Կան իհարկե մեծ ազդեցություններ, որը բնական է, բայց դրականը տվյալ պարագայում, երբ ազդեցություն կրողը գիտի, ճանաչում է տվյալ մշակույթը, արվեստագետին։
Նկարիչն առաջին հերթին պետք է կիրթ մարդ լինի, նկարիչը գույն քսողը չէ, կամ քիթ-բերան նկարողը, նա պետք է մտածել կարողանա։ Արվեստագետը, նկարիչը աշխարհը, ժամանակը, միջավայրը, մարդուն, մարդու հոգեբանությունն ուսումնասիրող, հետազոտող պիտի լինի»։
Մելանյա Բադալյան