Ֆրանսերեն լեզվի ևարվեստի միասնության հետքերով
ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի Գեղանկարչություն մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մերի Կարապետյանը իր նպատակասլացության, գաղափաների և որոշումների համառության, իր աշխատասիրության և հետևողականոության շնորհիվ, նաև լինելով համեստ ու պարկեշտ, արժանապատիվ ու հարգալից՝ հասավ իր բաղձալի երազանքի իրագործմանը։ Այս ամենին հասնելու համար նրան օգնեց ֆրանսերեն լեզվի իմացությունը նաև իր անկոտրուն բնավորությունը։
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, դեսպանության կազմակերպած «Dis-moi dix mots» (Ասա տասը բառ) մրցույթի 2021 թվականի հաղթող Մերի Կարապետյանը երկու շաբաթ անցկացրեց Ֆրանսիայում՝ ֆրանսերենի գիտելիքները կատարելագործելու համար։ Դեսպանության կողմից ֆինանսավորվող ճամփորդությունը նրան թույլ տվեց կատարելագործել ֆրանսերենի իմացությունը և բացահայտել Փարիզը։ Այնուհետև նա մնաց Ֆրանսիայում՝ ուսումը շարունակելու համար։ Մերին պատասխանել է մեր մի քանի հարցի։
– Ի՞նչը Ձեզ դուր եկավ երբ ժամանեցիք Ֆրանսիա։ Արդյո՞ք մի քանի ամիս անց նույն տպավորությունն ունեիք։
– Երբ ժամանեցի Ֆրանսիա՝ Շառլ դը Գոլ օդանավակայան, սիրահարվեցի նրա ճարտարապետությանը՝ այդ պահից սկսած հասկացա, որ Փարիզում եմ: Իհարկե աննկատ չմնաց նաև Փարիզի մետրոպոլիտենը։ Տարված Փարիզի մետրոյով՝ սկսեցի ուսումնասիրել ամեն բան կապված մետրոյի հետ։ Մետրոյի դիզայնը և կայարաններն ինձ այնքան հետաքրքրեցին, որ Մարդաբանության իմ դասընթացի հետազոտության առարկան ընտրեցի Փարիզի մետրոպոլիտենը, որպեսզի ուսումնասիրեմ այն ամենն ինչ կատարվում է այդ ստորգետնյա տիեզերքում։
– Ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց։
– Ինձ զարմացրեց «ողջույն» (salut) բառի երկակի օգտագործումը։ Ֆրանսիացիները դա օգտագործում են թե հանդիպելիս, թե հրաժեշտ տալիս։
Ինձ դուր է գալիս ֆրանսիական սրճարանների հաճախորդների խոսակցությունները, նրանք անվերջ խոսում են, բանավիճում, քննարկում քաղաքական, մշակութային և այլ հարցեր: Օրինակ վերջերս Christo-ի Հաղթական կամարի ինստալացիան դարձել էր ամենաքննարկվող թեմաներից մեկը սրճարաններում ու մետրոներում։
– Ի՞նչ տպավորություն թողեց Ֆրանսիայի համալսարանը:
– Ամեն օր համալսարան էի գնում և ավելի ու ավելի մոտենում արևմտյան մշակույթին։ Սորբոնի համալսարանում բախտ ունեցա ուսումնասիրել ժամանակակից արվեստի փորձը, իսկ դասախոսների հետ քննարկումները հիանալի հնարավորություն էր հիմնավոր գիտելիքներ ձեռք բերելու համար, քանի որ նրանք մշակույթի ոլորտի կարկառուն ներկայացուցիչներ են։ Եվ ամենակարևորը, որ կցանկանայի ընդգծել, դա համալսարանում վերլուծել սովորելու հնարավորությունն էր և սա, իմ կարծիքով, շատ կարևոր է կիրթ և խելամիտ հասարակություն ունենալու համար։
– Ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան:
– Որպես երիտասարդ նկարիչ ամեն օր հարստացնում եմ գիտելիքներս տեղի մշակույթով, արվեստի ոգին Փարիզի փողոցներում է, մետրոյի կայարաններում։ Երազում եմ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ արվեստագետ դառնալու համար, այնուհետև փորձս կիսել ու ներդրումս ունենալ Հայաստանի կրթական համակարգում, քանի որ համոզված եմ, որ կրթական համակարգն ու արվեստը նպաստում են հասարակության ձևավորմանը:
– Ո՞րն է ամենամեծ տարբերությունը Հայաստանի հետ։
– Ֆրանսիայում գտնվածս այս ողջ ընթացքում շատ էի կարոտում Հայաստանը, հարազատներիս և հատկապես ընկերներիս։ Հայերն ավելի ջերմ են, բայց Ֆրանսիայում մարդիկ գիտեն ասել «շնորհակալություն» (merci) և «ներողություն» (pardon)…
Բնականաբար շատ տարբերություններ կան երկու երկրների միջև, բայց կարծում եմ, որ կա մի բան, որը կապում է այս երկու մշակույթները՝ դա սեփական երկիրը սիրելու ունակությունն է:
Լուսանկարը՝ Մերի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից