Սեպտեմբերյան նորամուտ
Ավանդական հանդիպում առաջին կուրսի ուսանողների հետ
Տարվա ևս մեկ օր՝ մնացածներից տարբերվող՝ սեպտեմբերի 1, երբ քաղաքի փողոցներում առավոտյան համազգեստավոր դպրոցականներ ու ուսանողներ են հիմնականում՝ ակամա շատերի մոտ նաև վերհուշ առաջացնող։ Իսկ առաջին անգամ կրթօջախ մտնողի համար օրը դառնում է հիշարժաններից մեկը։ Հայաստանի գեղարվեստի կետական ակադեմիայում այս օրվա հետ կապված գեղեցիկ սովորույթ կա ընդունված՝ հանդիպում առաջին կուրսեցիների հետ, ինչը անցած տարի, ցավոք, խախտվեց համավարակի պատճառով։
Ինչ խոսք, առաջին օրվա տպավորությունը կարևոր է։ Ակադեմիայի ղեկավարությունը հանդիպում կազմակերպեց բուհի երկու՝ Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառարան արվեստի ֆակուլտետ ընդունված ուսանողների հետ։ Եվ չնայած նշանակված հանդիպման ճիշտ նույն պահի՝ ակադեմիայի շենքի հոսանքազրկմանը, հանդիպումը կայացավ և՝ տպավորիչ․ ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքի անմիջականությունն արդեն իսկ բավարար էր։ Նա ուսանողներին ներկայացրեց ակադեմիայի ղեկավարներին, ֆակուլտետի դեկաններին, ամբիոնի վարիչներին, ներկա դասախոսներին, ուսանողական խորհրդի նախագահին։
Շնորհավորելով ուսանողներին՝ Արամ Իսաբեկյանը վստահեցրեց, որ նրանց սպասվում է հետաքրքիր ուսումնական ընթացք։ Արվեստի աշխարհ կամավոր մուտք գործած մարդը պիտի գիտակցումն ունենա այդ ճանապարհի տարբերության, դրա առանձնահատկությունների, ստեղծագործական մոտեցումների, պատրաստ լինի նաև մաքառումների, որովհետև այն նվիրում ու ջանք է պահանջում, տաղանդի, շնորհքի հետ՝ աշխատասիրություն։ Տարիների մանկավարժական փորձն է այս մասին վկայում, թե ինչպես սովորելու առաջին շրջանում առանձնապես աչքի չընկած ուսանողը համառ ջանքերի շնորհիվ ավարտական փուլում կարող է ներկայանալ անսպասելի արդյունքով։
Ռեկտորը կարճ անդրադարձավ ակադեմիայի պատմությանը՝ որպես արվեստի ամենահին, հիմնադիր և հիմնական մասնագիտական բուհի՝ կերպարվեստի, դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման։ Նա խոսեց նաև ակադեմիայի՝ արտերկրի, մասնավորապես եվրոպական արվեստի դպրոցների, ակադեմիաների հետ ունեցած կապերի մասին։ Ուսանողներին տեղեկացրեց, որ այս տարի լրանում է ՀԳՊԱ -ի 76- ամյակը։ Անցած տարին հոբելյանական էր, բայց համավարակի պայմաններում չէր կարող նշվել․ այս նոյեմբերին նախատեսված է ակադեմիայի դասախոսների, շրջանավարտների աշխատանքների հոբելյանական մեծ ցուցահանդես։
«Մեր դռներից ներս մի ուրիշ իրականություն է, մի ուրույն կառույց պետության ներսում․ նկատի ունեմ բարքերը, ձևավորված ավանդույթները, ստեղծագործական մթնոլորտը։ Այստեղ միջավայրը արվեստի է, թեև ուսումնական հաստատություն է, բայց ստեղծագործական շունչ, մթնոլորտ է տիրում։ Արվեստի այս օջախն ունի իր օրենքները, և ես կխնդրեի ձեզ՝ ծանոթանալ, թե ինչ պարտականություններ և իրավունքներ ունեն ուսանողները, դասախոսները, ղեկավարները։ Ստեղծված միջավայրը, գործող կանոնները, կառուցվածքը ի նպաստ ստեղծագործական աշխատանքի են։ Հավատացնում եմ ձեզ՝ տարիներ անց ինքներդ էլ կզգաք, որ ամենաերջանիկ ժամանակը ակադեմիայում սովորած տարիներն են եղել»,- նշեց Արամ Իսաբեկյանը։
Խոսքի ավարտին ռեկտորը հիշեցրեց՝ երկրում գործող օրենքի համաձայն դիմակներ կրելու անհրաժեշտության մասին։
Մելանյա Բադալյան