ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է երիտասարդների շրջանում թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղ
Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրականացնում է «Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղ: Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական և մրցակցային, որին իրենց մասնակցությունը կարող են ունենալ երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից:
Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվի մեկօրյա տևողությամբ առցանց դասընթաց, որը կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ, ովքեր կփոխանցեն անհրաժեշտ տեղեկատվություն։ Դասընթացի հաջորդ օրը առցանց թեստի միջոցով կընտրվեն յուրաքանչյուր մարզից 2 հոգանոց թիմեր, ովքեր ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կմասնակցեն ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում կայանալիք ինտերակտիվ համակարգչային «Brain Ring» ձևաչափով մրցախաղին: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների: Տեղափոխման և գիշերակացի ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Ծրագրի մասնակցության հայտերը ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը: Ծրագրի նախատեղեկատվական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ մասնակիցներին նախապես տրամադրված ժամանակացույցով։