Տեղի ունեցավ «INCLUSION» դրամաշնորհային ծրագրի մոնիթորինգ
Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակն անցկացրեց «INCLUSION» դրամաշնորհային ծրագրի արդյունքների ազդեցության, ՀԳՊԱ-ում ծրագրի ավարտից հետո իրականացվող գործողությունների հերթական մոնիթորինգը: Անդրադարձ կատարվեց լավագույն փորձի փոխանակմանը և տարածմանը:
«INCLUSION» դրամաշնորհային ծրագիրն իր շոշափելի արդյունքներն ու լայն տարածումը գտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որի մանրամասները ներկայացրեց ՀԳՊԱ-ի աշխատանքային խումբը: Ծրագրի ավարտից հետո ևս ներառական կրթության ապահովմանն ուղղված գործողությունները ՀԳՊԱ-ում կրում են շարունակական բնույթ, որը արձանագրեցին ՀՀ-ում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները:
ՀԳՊԱ-ի աշխատանքային խումբը, անդրադառնալով այս ժամանակահատվածում ներառական կրթության ապահովման կարևորությանն ու անհրաժեշտությանը, նշեց այն հիմնական քայլերը, որոնք հաստատությունը իրականացնում է՝ ապահովելով ներառականության բաղադրիչի ներառումը կրթական ծրագրերում՝ մասնավորապես դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներում:
Կողմերը կարևորեցին ծրագրի արդյունքների և իրականացվող գործողությունների շարունակական տարածումն ու փորձի ներկայացումը շահակից այլ խմբերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները՝ ապահովելով ներառական կրթության մշակույթի տարածումը բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Դրամաշնորհային ծրագրի արդյունքների մասին մանրամասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ այստեղ: