«Ժամանակ» քանդակային ինստալացիա
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բակում երեկվա քանդակի կոնցեպտուալ ինստալացիան կրում էր «Ժամանակ» խորագիրը։ Ինստալացիայի համար ընտրված էր ճիշտ կեսօրը՝ արևի դիրքի հետ կապված։ Արևային ժամացույցի համանմանությամբ տարածական պատկեր ստանալու համար ընտրվել էր այսպիսի լուծում․ կենտրոնում տեղադրվել էր կլոր մակերեսով բարձր սեղան, ապա շառավղի հեռավորությամբ ստացված շրջանագծային հավասարաչափ 12 կետերում շարված եռոտանի նույնաչափ հարմարանքի վրա տեղադրել էին դեռևս սկզբնական նյութի վրա աշխատված քանդակային գործեր։ Մասնակցում էին քանդակի բաժնի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները։ Նրանց գործերն իհարկե պարբերաբար ցուցադրվում են ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, սակայն այս մեկը տարբեր էր նախորդներից և նման առաջին փորձն էր, ինչն արդեն հետաքրքրական էր։ Ինստալացիան շատ գեղեցիկ էր դիտվում հատկապես վերևից՝ արվեստանոցների պատշգամբից։
Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը խորագրի «Ժամանակ» ընտրությունը պատահական չի համարում․ ժամանակը որպես սկիզբ ամենայն ինչի, ժամանակի անվերջությունն ու անսահմանությունը, մի երևույթ, որը՝ որքան բնական-երկրային է, նույնքան առեղծվածային-հարաբերական, որքան երկրային չափման միավոր ունի, նույնքան հարատև կամ անէական է տիեզերական չափումների առումով։ Իսկ հիմա՝ մեզ մոտ, մեր այսօրվա ժամանակը քաոսային է․․․
Հայ իրականության մեջ մշակույթը ամենադժվար ժամանակներում անգամ ունեցել է բարձր դրսևորումներ, ստեղծագործ միտքը կանգ չի առել։ Գարեգին Դավթյանն ասում է, որ «այսօր նույնպես տաղանդի պակաս չկա, այնպես ինչպես 30-40 տարի առաջ, տաղանդավոր կամ ոչ տաղանդավոր, նույն հարաբերությամբ են, նույն գենն է, նույն ժառանգությունը, փոխված են իհարկե մոտեցումները, աշխարհայացքն ու տեսակետները»՝ կապված կյանքի, հասարակարգի փոփոխությունների հետ, ինչը նաև բնական է։ «Ամեն ինչ արագացել է, փորձում են իրենց նպատակին հասնել արագ, անկախ ունեցած բազային գիտելիքներից՝ որքան դեռ վերցնելու տեղ ունեն, կամ չունեն, ձգտում են ավելի շուտ ճանաչում ձեռք բերել, վաճառել գործեր։ Սա լավ է, սակայն ներկա մեր հասարակարգում արվեստագետի, նկարչի, քանդակագործի համար շատ դժվարացել է դա»։
Մելանյա Բադալյան