Տոնական միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան
Մայիսի 31-ին, ժամը 18։00-ին «City of Smile» («Ժպիտների քաղաք»), «Bridge of Health» («Առողջության կամուրջ») բարեգործական հիմնադրամների, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ ու քաղցկեղը հաղթահարած երեխաների գործուն մասնակցությամբ կենտրոնի բակում կանցկացվի Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառում, որի շրջանակներում նախատեսվում է հագուստների ցուցադրություն և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք:
Հագուստների ցուցադրության ընթացքում պրոֆեսիոնալ մոդելների հետ հանդես կգան նաև քաղցկեղից բուժված երեխաները, որոնք կկրեն ներկայումս բուժում ստացող երեխաների նկարած նկարների հիման վրա ստեղծված շապիկներ, իսկ ցուցահանդես-վաճառքին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները և դասախոսները կներկայանան իրենց ստեղծագործություններով՝ քանդակներ, կտավներ, կերամիկական աշխատանքներ, գրաֆիկական աշխատանքներ, կարպետներ, հագուստներ, որոնց վաճառքի հասույթի մի մասը կտրամադրվի «City of Smile» հիմնադրամին:
«City of Smile» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին աջակցելու համար։ Հիմնադրամի առաքելությունն է լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը։
Միջոցառման մուտքն ազատ է,սիրով կսպասենք բոլորիդ: