Վարպետաց դասեր՝ գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերից
Ազգային պատկերասրահում այս օրերին ընթացող գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերի ջրաներկ և գրաֆիկ աշխատանքների «Ովքեր ենք մենք» խորագրով ցուցահանդեսը մեծ արձագանք գտավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների ու դասախոսների շրջանակում: Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանի նախաձեռնությամբ նկարչի հետ հանդիպում և վարպետաց դասեր կազմակերպվեցին:
Մայերի հայաստանյան ցուցահանդեսը հետաքրքիր նախապատմություն ունի: Այն իրականացվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ: 2012-ին հիմնադրված այս կազմակերպությունը իրագործում է որոշակի ուղղվածության մշակութային ծրագրեր, որոնց հիմնական նպատակը հայ ժամանակակից արվեստի հանրահռչակումն է Հայաստանից դուրս և արտերկրի հայտնի արվեստագետների ստեղծագործությունների ներկայության ապահովումը մեր երկրում: Այս տարիների ընթացքում իրականացվել է յոթանասունմեկ այսպիսի նախագիծ, որոնցից հիսունը՝ արտերկրում: Վերջին նման ծրագիրը Հերբերտ Մայերի 500 աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր Հայաստանի ազգային պատկերասրահում: Կազմակերպության տնօրեն Սոնա Հարությունյանը պատմում է, որ 2017-ին գործուղման մեկնելով Գերմանիայի Ֆրեյբուրգ քաղաք, այցելել է տեղի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ այդ օրերին ներկայացվում էր Հերբերտ Մայերի այն նույն ցուցահանդեսը, ինչ այժմ մեր Ազգային պատկերասրահում է: Նկարչի ջրաներկ աշխատանքներում, որոնցում պատկերված են եղել աշխարհի գրեթե բոլոր անկյունները, Հայաստանը բացակայում էր, ինչը ազդել է Հարությունյանի ազգային արժանապատվության վրա: Թանգարանի տնօրեն Իզաբել Հերդայի հետ հանդիպման ժամանակ Սոնա Հարությունյանն առաջարկել է Մայերի ցուցահանդեսը տեղափոխել Հայաստան՝ հրավիրելով նաև հեղինակին, որպեսզի վերջինս ծանոթանա հայ հնագույն մշակույթին, այն իր ստեղծագործություններում արտացոլելու նպատակով: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների հաջող ընթացքին նպաստել է հատկապես Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի բարյացակամությունն ու աջակցելու պատրաստակամությունը: Ցուցահանդեսի կազմակերպումն իրականացել է ՀՀ Մշակույթի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հարապետության դեսպանության, Ֆրեյբուրգի ժամանակակից արվեստի թանգարանի և Երևանում գործող գերմաներենի ուսուցման «Գյոթե կենտրոնի» համագործակցությամբ:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ջանքերով մինչ այսօր Հայաստան են այցելել արվեստագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, որոնք հետագայում իրենց երկրներում բացել են հայաստանյան տպավորությունների անհատական ցուցահանդեսներ: Հերբերտ Մայերը Հայաստանում է մնալու երեք ամիս: Ազգային պատկերասրահում նրա ցուցահանդեսն այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել նկարչի մեր երկրից մեկնելուց առաջ հանդիպել վերջինիս հետ և պարզել, թե Հայաստանում ի՞նչն է նրան առավել տպավորել և ինչպե՞ս է դա արտահայտվել արվեստագետի ստեղծագործություններում: Ինքը՝ Մայերն ասել է, որ հատկապես տպավորված է հին միջնադարյան հայ հոգևոր ճարտարապետությունից. եկեղեցիների, վանքերի էսքիզներն ու ճեպանկարները, տեղանքի բնապատկերները հետագայում աշխատանքային նյութ կդառնան՝ համալրելով Մայերի ստեղծած «Ովքեր ենք մենք» շարքի հարուստ բովանդակությունը:
Հերբերտ Մայերը գերմանական ժամանակակից նկարչության առաջատար դեմքերից է: Երկար տարիներ աշխատում է Ֆրեյբուրգ քաղաքի Գեղարվեստի ակադեմիայում, գեղանկարչություն և գեղարվեստական տպագրություն է դասավանդում: Հիմնադրել և շուրջ 25 տարի ղեկավարում է գեղարվեստական տպագրության արվեստանոցը: Սոնա Հարությունյանը նշեց, որ անցած տարի Երևանում մեկնարկեց գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն և ուրախությամբ հայտնեց, որ Հերբերտ Մայերի նման փորձառու մասնագետը համաձայնել է ընդգրկվել հաջորդ տարվա բիենալեի միջազգային ժյուրիի կազմում: Նա հատուկ շնորհակալությամբ անդրադարձավ Գեղարվեստի ակադեմիայի հետ համագործակցությանը:
Մեզ համար շատ կարևոր է երիտասարդ սերնդի կրթական ցենզը բարձրացնել, հնարավորություն ստեղծել հայ արվեստը դուրս բերելու միջազգային հարթություն: Եթե նման նկարիչ է գալիս Հայաստան, առաջին շահառուն ուսանողն է, Գեղարվեստի պետակադեմիան: Ես կարծում եմ, որ համագործակցության առաջին այս հաջող մեկնարկը հետագա շարունակություն կունենա»,- ասաց Սոնա Հարությունյանը:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ կազմակերպված հանդիպումը նկարչի առաջարկով ընդգրկեց եռօրյա աշխատարան: Սա կապված էր Մայերի աշխատելաոճի՝ «նկարի հիշողության բանկ» ասվածի առանձնահատկությունների հետ (ներկի բազմաքանակ շերտավորումներ, շերտը շերտի վրա դնելու եղանակներ): Ուսանողներին ժամանակ էր պետք, որպեսզի հնարավորություն ունենան ծանոթանալ ջրաներկի պատմությանը, դրա յուրահատուկ տեխնիկական հնարավորություններին, հեղինակի բացահայտած և կիրառած նուրբ գաղտնիքներին: Միանգամից արդյունք ակնկալել եթե ոչ անհնար, ապա շատ բարդ է: Որքան էլ պարզ են ակվարելային արվեստի նյութերը, այն որակը, որ ստանում է Մայերը, պահանջում է տևական աշխատանք ու փորձառություն: Բավական է ասել, որ Ազգային պատկերասրահում ցուցադրված նրա յուրաքանչյուր աշխատանք ստեղծվել է հարյուր և ավելի շերտերի համադրման արդյունքում:
Քնարիկ Ավետիսյանը կարևորում է մշակույթների, քաղաքակրթությունների փոխհարաբերությունների ակտիվացմանն ուղղված աշխատանքները, հատկապես այնպիսի ձևաչափով, երբ ուսանողը հնարավորություն է ստանում անհատ ստեղծագործողի աշխատանքի ոճին ծանոթանալ կենդանի, անմիջական շփման միջոցով: Այդ ժամանակ առաջանում են հարցեր և տրվում պատասխաններ, ինչպես այս անգամ, երբ պրակտիկ աշխատանքի ընթացքում ընկալելի ու հասկանալի դարձավ նյութի, թղթի, վրձնի, ներկի հետ աշխատելու, բազմաքանակ շերտերով նկարը ավարտին հասցնելու գերմանացի նկարչի բարդ տեխնոլոգիան:
Հերբերտ Մայերի խոսքը ակվարելային արվեստի պատմության, դրա տեխնիկական հնարավորությունների, կատարման պրոցեսի, մեթոդների, օգտագործվող նյութի մասին գրավիչ ու հետաքրքրական էր. այն պարզ էր, գործնական ու պատկերավոր: Նա նյութը ներկայացրեց հանրահայտ նկարիչների մի շարք ստեղծագործությունների օրինակով՝ սկսելով XV դարի գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերից մինչև մեր օրերի արևմտաեվրոպական նկարիչներ:
Վարպետաց դասերի ավարտին Քնարիկ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի տնօրեն Սոնա Հարությունյանին, նրան նվիրեց իր հեղինակած «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» մենագրությունը: Հերբերտ Մայերին ևս շնորհակալություն հայտնելով՝ իր փորձն ու գիտելիքները հայ ուսանողներին փոխանցելու համար, նա նվիրեց Գեղարվեստի ակադեմիայի 70-ամյա պատմության գիրք-ալբոմը և Գրիգոր Խանջյանի գրաֆիկական գործերի ալբոմը:
Մելանյա Բադալյան