«Լեհաստան. ինքնություն և սեր»
Լեհաստանը հայ ուսանողների պատկերացումներում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում լեհական տաք մթնոլորտ է: Հայ ուսանողներն իրենց կտավներում ստեղծագործաբար վերարտահայտել են այն զգացողություններն ու պատկերացումները, որ ունեն Լեհաստանի, լեհ ժողովրդի և նրա մշակույթի մասին: Եվ դա արել են ջերմությամբ, չլինելով երկրում, փորձել են ընդդգծել այն հիմնական առանձնահատկությունները, որ բնորոշ են լեհական մշակույթին: Նկարներում պատկերված են ճարտարապետության բնորոշ նմուշներ Վարշավայում, Կրակովում, գերակշռում են քաղաքային տեսարանները, նաև բնանկարներ, ազգային գունեղ տարազով լեհուհիներ, լեհ ժամանակակից հայտնի կոմպոզիտոր Քշիշտով Պենդերեցկու դիմանկարը՝ ստեղծագործելու պահին:
«Լեհաստան. ինքնություն և սեր» ցուցահանդեսին ներկայացված 40 աշխատանքներից երեսունինի հեղինակները ակադեմիայի գեղանկարչության և գծանկարի ու գրաֆիկայի ամբիոնների ուսանողներն են (նրանցից մեկն՝ արդեն շրջանավարտ), ևս մեկը՝ դրսից: Ցուցահանդեսը կազմակերպվել է լեհ-հայկական մշակութային ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը Լեհաստանում գործող Լեհ-հայկական հիմնադրամն է. նպատակը հայ մշակույթը Լեհաստանում առավել ճանաչելի դարձնելն է և փոխադարձաբար լեհ արվեստագետներին մեր երկրում ներկայացնելը: Այս ծրագիրը մեկնարկել է անցյալ տարի Լեհաստանում, տեղի գեղարվեստի ակադեմիաների ուսանողների մասնակցությամբ, որոնց Հայաստանին և հայ մշակույթին նվիրված աշխատանքները ցուցադրվել են Վարշավայում գտնվող Լեհ-հայկական հիմնադրամի պատկերասրահում: Հիմնադրամը կազմակերպել է նաև մրցութային ցուցահանդեսից ընտրված յոթ լավագույն հեղինակների այցելություն Հայաստան՝ անմիջականորեն ծանոթանալու և ճանաչելու այն երկիրը, որ նրանք պատկերել էին երևակայորեն կամ միջնորդված: Անցած տարի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կայացած հանդիպումից հետո ծրագիրը համատեղ շարունակելու ցանկություն առաջացավ. որոշվեց կազմակերպել նույնաբնույթ ցուցահանդես-մրցույթ «Լեհաստանը հայ ուսանողների հայացքով» թեմայով, ինչը և հաջողությամբ իրականացրեցին մեր ուսանողները: Միջոցառումը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Լեհաստանի անկախության 100-ամյակներին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին և ողջույնի խոսք ասացին Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը, ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, Գեղարվեստի ակադեմիայի արտաքին կապերի բաժնի վարիչ Մարինե Պատվականյանը, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, հիմնադրամի տնօրեն Դիանա Հովակիմյանը: Ցուցահանդեսի ավարտին հաջորդեց մրցութային ժյուրիի աշխատանքը, որի անաչառ կատարված ընտրության արդյունքում լավագույն յոթնյակում տեղ գտան Անահիտ Ըռքոյանը, Աննա Կռճացյանը, Գևորգ Արշակյանը, Անի Ներսիսյանը, Տարոն Շահինյանը, Հայկ Վարդանյանը և Մարիա Դավթյանը:
Բոլոր մասնակիցներին կտրվեն դիպլոմներ, իսկ հաղթող յոթ ուսանողները նոյեմբերի 12-ին «Կոնգրես» հյուրանոցում կմասնակցեն Լեհաստանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ կցուցադրվեն նրանց մրցանակային աշխատանքները: Հաջորդ տարի գարնանը կամ ամռանը Լեհ-հայկական հիմնադրամի հովանավությամբ նրանք երկշաբայա այցելություն կկատարեն Լեհաստան, հնարավորություն կունենան տեսնելու և ճանաչելու իրական Լեհաստանն ու այդ երկրի մշակույթը:
Մելանյա Բադալյան