Գեղարվեստի ակադեմիայի և ոստիկանության համագործակցության նոր եզրերը
Հայաստանի քաղաքական-հանրային կյանքում նախընթաց ամիսներին տեղի ունեցած խոշոր փոփոխություններն անխուսափելի շարունակություն են ունենալու պետական կառույցներում, հասարակական յուրաքանչյուր ոլորտում: ՀՀ ոստիկանության համակարգում առաջիկայում սպասվող կարևոր փոփոխություններից է Ճանապարհային ոստիկանության փոխարինումը Պարեկային ծառայության: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ նպատակահարմար է նկատվել ստեղծել լայն լիազորություններով օժտված մեկ ծառայություն՝ տարբեր գործառույթներ իրականացնող նախկին մի քանի ստորաբաժանումների փոխարեն: Փոփոխություններն ուղղված են մեկ գերխնդրի՝ որակական նոր մակարդակի վրա դնելու հասարակություն-ոստիկան հարաբերությունները:
Նոր ծառայությանը համահունչ համազգեստի նախագծման հարցում համագործակցելու մտահղացումը պատկանում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանին և փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, աշխատանքներն սկսվեցին նախորդ ամսվա կեսերին: Այս կարճ ընցաքում ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոսների ղեկավարությամբ, ստեղծեցին ոստիկանական համազգեստի նախագծային մի քանի տարբերակներ, որոնք, արժանանալով Հովհաննես Քոչարյանի հավանությանը, ներկայացվեցին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին։ Հանդիպմանը ներկա էին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի գլխավորությամբ, դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, նախագծի ղեկավարները՝ պրոֆեսոր Գայանե Սարիբեկյանը, ավագ դասախոսներ Լիլիթ Ավետյանը, Արուսյակ Հակոբյանը և Սերգեյ Աբովյանը: Նախագծի ղեկավարները հանգամանորեն ներկայացրեցին աշխատանքները, որոնք ստեղծվել են պրոֆեսիոնալ մոտեցումով՝ ելնելով ոլորտի առանձնահատկություններից. համազգեստի յուրաքանչյուր մաս, յուրաքանչյուր դետալ մշակվել է հնարավորինս օպտիմալ, հարմարավետ, ժամանակակից՝ եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների, հարևան երկրների փորձի ուսումնասիրությունների հիման վրա:
Ուշադրություն դարձրվեց յուրաքանչյուր՝ անգամ ամենափոքր դետալներին։ Քննարկվեցին սեզոնային տարբերակները՝ տաբատ, վերնաշապիկ, պոլո, բաճկոն, կոշիկ, գլխարկ, գոտի, անձրևանոց: Կարևոր նկատվեց գունային լուծումը. առաջարկված սև, մոխրագույն, մուգ կապույտ գույներից նախնական համաձայնությամբ նախապատվություն տրվեց մուգ կապույտին: Քննարկվեցին նաև պարեկային ծառայության ավտոմեքենաների նախագծային տարբերակները՝ հեղինակությամբ Սերգեյ Աբովյանի. դիզայնի հետագա մշակման համար նա կարևորեց որոշակիացնել մեքենայի տեսակը, արտադրման տարեթիվը, հստակեցնել տարբերանշանը, մեքենայի վրա գրվող տեքստը: Խոսվեց նաև գունային հնարավոր անցումների համար տեխնիկական որոշ հանգամանքների դժվարության մասին: Առաջարկ եղավ համազգեստին համահունչ մեքենայի համար ևս ընտրել մուգ կապույտը: Ծավալվեց արդյունավետ քննարկում՝ Վալերի Օսիպյանի հետաքրքիր դիտարկումներով և հարցադրումներով. համազգեստը պետք է լինի բնութագրական՝ պարտադրող, բայց ոչ վանող, ընտրել լավագույն տարբերակը, այնպես որ միջազգային քննարկումներում հայկական մոդելը նույնպես ուշագրավ լինի, նկատվի:
Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի առաջարկով նպատակահարմար համարվեց ընտրել համազգեստի երեք տարբեր նմուշների ամբողջական՝ ամառային, աշնանային և ձմեռային հավաքածու և հնարավորինս սեղմ ժամկետում պատրաստի վիճակում ներկայացնել ոստիկանապետին։ Դա ավելի կդյուրացնի վերջնական ընտրությունը, այդկերպ հնարավոր կլինի կատարել որոշակի շտկումներ, դետալների, ձևերի փոփոխություններ: Անհրաժեշտ նյութերի առումով ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել բուհին:
Կարևոր էին Վալերի Օսիպյանի դիտարկումներն ու սկզբունքային մոտեցումները: Ոստիկանի պատշաճ կերպարի ձևավորման համար համազգեստից բացի անհրաժեշտ է ներքին կիրթ նկարագիր՝ վարվելակերպ, խոսվածք:
Այս փոփոխություններն արվում են մեր ամբողջ հասարակության, նաև օտարների ու զբոսաշրջիկների համար: Ստեղծում ենք նոր՝ պարեկային ծառայություն, որն ուշադրության կենտրոնում է լինելու: Յուրաքանչյուր երկիր մուտք գործելիս առաջին տպավորություններից մեկը ձևավորում է ոստիկանը, նրա պահվածքից, համազգեստից կարծիք է ստեղծվում այդ երկրի, ներքին կարգ ու կանոնի, ոստիկանության մասին»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Քննարկման ավարտին ոստիկանապետը շնորհակալություն հայտնեց կատարված բարեխիղճ, լուրջ աշխատանքի համար, ասաց, որ կզեկուցի վարչապետին աշխատանքի ընթացքի մասին, նաև որ վարչապետն արդեն տեղեկացված է և՛ այսօրվա հանդիպման մասին, և՛ որ Գեղարվեստի պետական ակադեմիան է աշխատում նախագծի վրա:
Մելանյա Բադալյան