Նոր հրատարակություն
Մատենադարանի ավագ գիտաշխատող, ՀԳՊԱ դոցենտ, ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի և Անի Սահակյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը. Եվրոպական արվեստի զուգահեռներով» գիրքը (Եր., «Անտարես», 2018-512 էջ, անգլերեն թարգմանությունը՝ Սոնա Բալոյանի, մասնագիտական խորհրդատվությունը՝ ՀԳՊԱ կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Անի Ենոքյանի):
Երկլեզու ալբոմ-գիրքը նվիրված է Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի նկարազարդումներին: Առաջին անգամ բարձրորակ վերատպությամբ ներկայացված բոլոր 160 թեմատիկ փորագրանկարներն ուղեկցվում են հորինվածքի համար նախօրինակ ծառայած պատկերներով, ինչպես նաև պատմական ու արվեստաբանական լիարժեք վերլուծությամբ: Այս թեմատիկ պատկերները նոր գեղարվեստական հոսանքների արտացոլանքն են, քանի որ ընդօրինակում են 15-17-րդ դարերի եվրոպական ամենահայտնի նկարիչների և փորագրիչների աշխատանքները: Վերջինների պատկերագրական, ոճական և տեխնիկական ամբողջությունը՝ նախկին վարպետների գործերին գեղարվեստական հղումներով և ժամանակի շնչով թելադրված ստեղծագործական նորարարություններով, ներկայացնում է դարաշրջանի արևմտաքրիստոնեական արվեստի խտացված համայնապատկերը:
ՀԳՊԱ գիտքարտուղար՝ Անահիտ Օհանյան