
Մրցույթը որպես ստեղծագործական խթան
Մեկ օր կերամիկայի լաբորատորիայում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կիրառական արվեստի ամբիոնը որոշել էր տարեվերջին ուսանողների ստեղծագործական ակտիվությունը բարձրացնելուն ուղղված նորություն մտցնել՝ բրուտագործության մրցույթ անցկացնելով տարբեր կուրսերի ուսանողների միջև:
Առաջին կուրսի ուսանողների համար բրուտագործության դասընթացները պարտադիր են, մնացածները կամավորապես հնարավորություն ունեն մասնակցելու:
Անդրադառնալով բրուտագործության մեջ կիրառվող ավանդական տեխնիկական միջոցներին ու ձևերին՝ ամբիոնի վարիչ Մարիա Բաբյանը ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում պատրաստված իրերի տարբեր նմուշներ: Ուսանողները տիրապետելով դրանց՝ պրակտիկայի ընթացքում հաջողությամբ են կիրառում. նպաստող հանգամանք է ֆակուլտատիվ պարապմունքները՝ ավագ դասախոս Արա Օհանյանի ղեկավարությամբ:
Կիրառվող տարբեր միջոցներից առանձնացվեց մի քանիսը՝ ծխեցման, լրացուցիչ իրերի օգնությամբ (պղնձե լար, փետուր, մազ և այլ) առարկային տաք վիճակում հետաքրքիր տեսք, երանգ հաղորդելու միջոցները, ինչպես օրինակ՝ յուղոտ տաք կաթի մեջ ընկղմելու և կամ օճառաջրի պղպջակներով իրի մակերեսին նոր տեքստուրա ստանալու մեթոդները:
Մրցութային հայտարարությանը արձագանքած յոթ ուսանողներին տրվեց համապատասխան առաջադրանք, յուրաքանչյուրին հավասարապես բաժանելով երկուական բաժին (1 կգ) կավ: Առաջին առաջադրանքը բարձր գլան ստանալն էր, երկրորդը՝ բրուտագործական շրջանի վրա փակ, գնդաձև առարկա ձևավորելը: Հանձնաժողովի անդամներ Մարիա Բաբյանը, Արա Օհանյանը և կերամիկայի լաբորատորիայի վարիչ Սարիկ Մարտիրոսյանը կատարված աշխատանքները գնահատելով հավասարարժեք, որոշեցին 25 րոպեանոց լրացուցիչ փուլ ևս անցկացնել՝ ուսանողներին կրկին տրամադրելով համապատասխան նյութ:
Ամփոփելով արդյունքները՝ մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես. առաջին տեղում՝ Լուիզա Ժամկոչյան (առաջին կուրս), երկրորդ տեղում` Քնարիկ Ապիկյան (երրորդ կուրս) և երրորդ տեղում՝ Լուսինե Ավետիսյան (երկրորդ կուրս):
Մարիա Բաբյանը կարծում է, որ այսօրինակ մրցույթները ուսանողներին խթանելու, ոգևորելու, ակտիվացնելու լավագույն միջոցներից են: Նա նաև նկատեց, որ մրցանակային տեղեր գրաված ուսանողները ֆակուլտատիվ դասընթացների մասնակիցներ են, ինչի արդյունքն էլ արձանագրվեց մրցույթում:
Մելանյա Բադալյան