Հայտարարություն
Մարդկային գործունեությունը տարբեր եղանակներով զգալիորեն վնասում է բնությունը և շրջակա միջավայրը: Այս համատեքստում ամենամտահոգիչ խնդիրներից մեկը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է պլաստիկ նյութերով: Չնայած բազմաթիվ ծրագրերին, ռազմավարություններին, օրենսդրական միջոցներին, որոնք ձեռնարկվել են՝ նվազեցնելու պլաստիկ աղտոտվածությունը, այս խնդիրը շարունակում է ահագնանալ, իսկ դրա բացասական ազդեցությունը՝ ավելի տեսանելի դառնալ:
Պլաստիկ աղտոտվածությանը զգալիորեն նպաստում են պոլիէթիլենային տոպրակները։
Այս համատեքստում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և «Թրիփլ Բոնդ» ընկերությունը՝ «Հայաստանն առանց պլաստիկ» ծրագրի շրջանակներում հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել դիզայներներն ու պարզապես ստեղծագործ մարդիկ։
Մրցույթի նպատակն է հավաքագրել ստեղծարար գաղափարներ բազմակի օգտագործման նորաոճ պայուսակների և այլ պարագաների արտադրության համար՝ առօրյայում պլաստիկ տոպրակներից, ինչպես նաև շրջակա միջավայրը վնասող և չխնայող այլ նյութերից հրաժարվելու համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև ներկայացված կատեգորիաներից առնվազն մեկի համար ներկայացնել ձևավորման (դիզայնի) տարբերակ.
- առևտրի համար նախատեսված պայուսակների հավաքածու,
- ուսապարկ,
- ուսանողների կամ գրասենյակային պարագաների համար պայուսակ,
- զբոսախնջույքի (պիկնիկի) համար նախատեսված հավաքածու,
- լողափնյա պայուսակ/հավաքածու,
- սպորտային պայուսակ.
- մանկական պայուսակ։
Ներկայացված նմուշի ձևավորման/պատրաստման համար կարող եք օգտագործել ցանկացած նյութ և պարագա՝ պարաններ, կոճակներ, ժապավեններ, զարդեր, ինչպես նաև ցանկացած նկար/պատկեր, տեքստ և այլն։
Հայերեն գրառումները պարտադիր պետք է լինեն հայատառ։
Մրցույթի 3 հաղթողները կպարգևատրվեն յուրաքանչյուրը 50 000 (հիսուն հազար) դրամի չափով և կստանան հետագա համագործակցության առաջարկություն։
Բոլոր նմուշները անհրաժեշտ է ուղարկել triplebondtextile@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094230418 հեռախոսահամարով (նաև Viber, WhatsApp) կամ այցելել www.tbond.am:
Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 15-ը, 2019թ․։
Մրցույթին մասնակցելու դիմումը կարող եք ներբեռնել այստեղ։
Մտավոր սեփականություն
- Դիմորդները պետք է երաշխավորեն, որ ձևավորման ներկայացված տարբերակներն իրենց սեփական աշխատանքներն են և այլոց,ինչպես նաև իրենց իսկ աշխատանքների կրկնօրինակներ չեն, չեն ոտնահարում այլ անձանց կամ կազմակերպությունների մտավոր սեփականության իրավունքները։
- Ներկայացված նմուշները դառնում են «Թրիփլ Բոնդ» ՍՊԸ-ի սեփականությունը և կարող են օգտագործվել ընկերության կողմից տարբեր նպատակներով, այդ թվում նաև տեղադրվել կայքում, ցուցադրվել տարբեր միջոցառումների ընթացքում և այլն։
- «Թրիփլ Բոնդ» ՍՊԸ-ն կարող է ընդունել, խմբագրել, փոփոխել կամ այլ կերպ օգտագործել ներկայացված նմուշը/նմուշները՝ մասամբ կամ ամբողջությամբ, ըստ սեփական հայեցողության։
- «Թրիփլ Բոնդ» ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում ապագայում ցանկացած ներկայացված նմուշ օգտագործել բիզնես նպատակներով։