Մեկնարկել է կրթական ծրագրերի վերանայման երկրորդ փուլը
Օրերս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեցին սեմինար-քննարկումներ Դիզայն, Գրաֆիկա, Համակարգչային գրաֆիկա, Հագուստի մոդելավորում, Կիրառական արվեստ և Արվեստաբանություն մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայման երկրորդ փուլի աշխատանքների իրականացման ուղղությամբ: Այս փուլը նախատեսում է մասնագիտության կրթական ծրագրերի (բակալավրի և մագիստրոսի) առաքելության, նպատակների և խնդիրների, ուսումնառության վերջնարդյունքների սահմանում, ինչպես նաև ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանեցում ՀՀ որակավորումների ազգային շրջանակին:
ՀԳՊԱ-ի վերոնշյալ կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները թևակոխել են հաջորդ փուլ, որի հիմնական գործողությունները ներկայացվեցին աշխատանքային խմբերին: Ներկայացուցիչների հետ քննարկվեցին կրթական ծրագրերի նկարագրեր կազմելու բաղադրիչ մասերը՝ առանձնացնելով կրթական ծրագրի հիմնավորումը, առաքելությունը, նպատակները, խնդիրները և ուսումնառության վերջնարդյունքները: Մի քանի օրինակներ բերվեցին համաշխարհային առաջատար բուհերի նման կամ նմանատիպ կրթական ծրագրերից և համեմատական վերլուծություններ կատարվեցին այսօր առկա և վերանայման ենթարկվող ՀԳՊԱ-ի կրթական ծրագրերի հետ: Հատուկ ուշադրության արժանացավ ուսումնառության վերջնարդյունքների ՀՀ որակավորումների ազգային շրջանակի հետ համապատասխանության ապահովման խնդիրը, որի համար ՀԳՊԱ-ն ունի մշակված ձևաչափ: Համապատասխանության ապահովումը թույլ կտա երաշխավորելու, որ գործող կրթական ծրագրերը պատրաստում են ոլորտի մրցունակ մասնագետներ, որոնց որակները՝ գիտելիքը, հմտություններն ու կարողությունները համապատասխան են երկրի առաջադրած և աշխատաշուկայի պահանջներին ու բխում են ներքին և արտաքին մյուս շահակիցների՝ ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական կազմի շահերից:
Աշխատանքային խմբերի հետ հստակեցվեցին այս փուլի հիմնական գործողությունները և ժամկետները, իսկ ընթացիկ գործընթացները կկազմակերպվեն շաբաթական հանդիպումների և քննարկումների միջոցով: Աշխատանքները կամփոփվեն ապրիլին, երբ կներկայացվեն կատարված մշակումները և կքննարկվեն ոլորտի գործատուների, ինչպես նաև ուսանողների, դասախոսների և շրջանավարտների հետ: