Հանուն երեխաների առողջության
Երեխաների կյանքի ապահովության, նրանց երջանիկ մանկության պատասխանատուն մենք ենք: Չկա ավելի անպաշտպան էակ, քան՝ երեխան, և նրանց առողջ ապրելակերպի, լավ կրթության ու դաստիարակության հանձնառուն պետությունն է, հասարակությունը, ծնողը, ընտանիքը: Դա պարտք ու պատասխանատվություն է նրանց հանդեպ, ապագա հասարակության հանդեպ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումների մեջ առանձնակի կարևորություն ունեցավ «Ժպիտների քաղաք», «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամների, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպած միջոցառումը բժշկական կենտրոնի հարակից բացօթյա տարածքում: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի խոսքով, այսօր Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների գերակշիռ մասը լուրջ հնարավորություն ունի ապաքինվելու: Կենտրոնին աջակից հիմնադրամների համատեղ ջանքերով հնարավոր է լինում հասնել այնպիսի արդյունքների, ինչ արևմուտքի զարգացած երկրներում: Նա բուժման մեջ գտնվող երեխաներին և նրանց ծնողներին մաղթեց համբերություն, իսկ նրանց՝ ովքեր հաղթահարել են այդ դժվարությունները, մոռանան անցած ճանապարհը, որպես վատ երազ:
Հենց նույն տեղում կաղմակերպված էր բացօթյա ցուցահանդես-վաճառք՝ ՀԳՊԱ-ի ուսանողների և դասախոսների (գեղանկար, քանդակ, գրաֆիկ, գոբելեն, ձեռագործ և տարբեր այլ աշխատանքներ): Ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը միջոցառման կարևորությունը գնահատելով, ներկաներին կոչ արեց կատարել թեկուզ նվազագույն արժեքի գնում, քանի որ վաճառքից ստացված հասույթը ծառայելու է հիվանդ երեխաների կարիքներին, և ընդհանրապես՝ օգնությունը երեխաներին պետք է լինի առաջնային:
Միջոցառման մասնակիցներին ողջունեցին և իրենց գործունեությունը ներկայացրին «Ժպիտների քաղաք» և «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամների տնօրեններ Էսթեր Դեմիրճյանը և Անահիտ Բարսեղյանը: «Կամուրջի» անդամները հիվանդ երեխաների ծնողներն են և այս հիվանդությունը հաղթահարած մարդիկ: Տարիների աշխատանքը քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ, օգնել է նրանց հասկանալու շատ կարևոր բան՝ ինչ է նշանակում ճիշտ պահին լինել ճիշտ տեղում՝ օգնելու կարիքավոր մարդուն, որ նա զգա, որ մենակ չէ:
Շնորհակալագրեր և շքանշաններ տրվեցին կյանքի համար պայքար մղած և հիվանդությունը հաղթահարած երեխաներին, նրանց բաժանվեցին խորհրդանշական իրեր, որ փոխանցվեն կենտրոնում բուժումը շարունակող երեխաներին: Նաև տեղի ունեցավ հագուստների ցուցադրություն: Ցուցահանդես-վաճառքի և ցուցադրվող հագուստների նախաձեռնության հեղինակ Վերա Մխիթարյանը ներկայացրեց մտահղացման պատմությունը. այն ծնվել է կենտրոնում բուժվող երեխաների նկարների հիման վրա, և իրենք էլ մասնակից եղան ցուցադրությանը: Հատուկ շնորհակալություն հայտնվեց միջոցառմանը աջակից բոլոր կազմակերպություններին և անհատներին՝ «ALEX Textile» ընկերությանը, «Texart» տպարանին, «Yerevan Yerevanciner / Երևան Երևանցիներ» նախագծին, «Pahest33» բար-ռեստորանին, «ModeYan Texstyle Gallery»-ին, «Էլինա Մկրտումյան» նորաձևության տանը, «METRO International Beauty Academy Yerevan»-ին, «Հանդես պրոդաքշնին», «UCAN Fashion Agency»-ին, բարբեր Կարո Աբաչյանին, DJ Socko-ին, Arthur PaParaZZi-ին, Ամալյա Ասլանյանին, «Miss Armenia 1998» և «MRS GLOBE 2009» Գոհար Հարությունյանին, «Model worldwide 2018» Էդգար Կարապետյանին, «Miss World Armenia 2018» Արենա Զեյնալյանին, «Miss World Armenia 2017» Լիլի Սարգսյանին, «Mister World Armenia 2019» Գրիգ Վարդանյանին, «Mister Armenia Model worldwide 2018» Էդգար Կարապետյանին, «Miss earth Armenia 2018» Սոնա Դարբինյանին, «Miss supermodel eorldwide 2019» Յուլյա Եղյանին, «Miss Globe Armenia» Անաիդա Ավետիսյանին, «Vice miss armenia 2019» Էմմանուէլլա Գրիգորյանին:
Մելանյա Բադալյան
Լուսանկարները՝ Yerevan Yerevanciner և Arthur PaParaZZi ֆեյսբուքյան էջերից