Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործական ժառանգությունը կայքում
Էդուարդ Իսաբեկյանի արվեստը հայ կերպարվեստի անկրկնելի նվաճումներից է, այն մեծածավալ էջը, որտեղ Վարպետը բազմաշերտ, բազմատեսակ ու բազմաժանր գեղարվեստական աշխարհ է ստեղծել: Մի արվեստագետ, որի վրձինն ու գրիչը, կարելի է ասել, մրցում էին իրար հետ, քանզի գույնի ու բառի այն շնորհները, որ բնությունը շռայլել էր նրան, փոխնիփոխ հաջորդում էին միմյանց: Նրա կտավները որքան արտահայտիչ են գեղանկարչորեն, նույնքան խոսուն են իմաստային առումով, լինի անդրադարձ պատմական թեմատիկային, թե ժամանակակից կյանքին, բնության շարժ լինի, թե դիմանկար: Նրա գույնը իմաստակիր է ու բառը գունակիր. վկա Վարպետի թողած մշակութային այն ժառանգությունը, որ հիմա՝ մեր և հետագա սերունդների սեփականությունն է լինելու:
Արդեն վաղուց էլեկտրոնային միջոցները աշխարհի իրադարձությունները, նրա անցյալն ու ներկան ամենալայն սպեկտրով հանրությանը ներկայացնելու, մատչելի, հասանելի դարձնելու հնարավորություն են ստեղծել: Eduardisabekyan.com կայքը մեզ է ներկայացնում հայ դասական կերպարվեստի վարպետ Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործության հնարավորինս ամբողջական ժառանգությունը: Այն գործում է մի քանի տարի, իսկ մտահղացումը, ինչպես օրերս Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճում կայացած կայքի շնորհանդեսին ՀԳՊԱ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հովհաննես Թաջիրյանն ասաց, առաջացել է 2014-ին: Նա պատմեց, որ այդ տարվա օգոստոսին, իր որդու բանակային ծառայության տարիներին Տավուշի մարզում հակամարտության լարված օրերին ծնողական տագնապներն ու անհանգստությունները փարատելու համար որդին իրեն հորդորել էր զբաղվել մի այնպիսի աշխատանքով, որ նրան դուրս կհանի այդ վիճակներից՝ խորհուրդ տալով ստեղծել Էդուարդ Իսաբեկյանի կայքը:
Այս տարիների ընթացքում «Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահի» ղեկավար Իրինա Իսաբեկյանի հետ կատարվել է նյութի հավաքման, խմբագրման, դասակարգման ծավալուն աշխատանք, իսկ կայքի տեխնիկական մասի աշխատանքներն իրականացրել է Հովհաննես Թաջիրյանը: Նա ասաց, որ հնարավորինս ամբողջացվել է Վարպետի ստեղծագործական ժառանգությունը, իր դոմեյնի ներքո զետեղված է Վարպետի կնոջ՝ տաղանդավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական էջը: Նաև ասաց, որ նման կայք հայ դասական ոչ մի նկարիչ դեռևս չունի: Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, որի բովանդակային մասը ներկայացրեց Իրինա Իսաբեկյանը՝ զուգահեռ լուսապատկերային ցուցադրությամբ, աջակցությամբ Օֆելյա Սարգսյանի: Անմիջապես բացվող երեք պատուհանները համապատասխանաբար ներկայացնում են Վարպետի 100-ամյակին նվիրված ՀԱՊ-ի ցուցահանդեսը՝ լուսանկարներով և հոդվածով, Արփենիկ Նալբանդյանի էջը և «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի բացման արարողությունը:
Վարպետի ստեղծագործությունը ներկայացված է գեղանկարչություն, գրաֆիկա և նկարազարդումներ բաժիններով՝ ըստ ժամանակային փուլերի: Յուրաքանչյուր գործ ունի տեքստային և ձայնային նկարագրություն՝ կատարման տեխնիկական տվյալներ, չափս, թվական, գտնվելու վայր: Հանգամանորեն ներկայացված են նկարչի կենսագրությունը, մատենագիտությունը. վերջինս ներառում է Իսաբեկյանի արվեստաբանական հոդվածների և նրա արվեստի մասին մամուլի արձագանքների, կատալոգների, ալբոմների ժամանակային մեծ կտրվածք՝ սկսած 1944-47 թվականներից մինչև մեր օրերը: Տեղադրված են տեսանյութեր, Վարպետի տարբեր տարիների բազմաթիվ լուսանկարներ:
«Ցուցասրահ» բաժինը բովանդակում է Երևան քաղաքին նկարչի որդու՝ Արամ Իսաբեկյանի նվիրաբերած Վարպետի 28 գեղանկար աշխատանքների մշտական ցուցադրությունը, որով և ապահովվեց ցուցասրահի գործունեությունը, և այն միջոցառումները, որ տեղի են ունենում մշակութային այս օջախում տարիներ շարունակ, սրահի մատենագիտությունը և սրահի հյուրերը:
Հետաքրքրական է «Հեղինակային անտիպ նյութեր բաժինը», որտեղ Իսաբեկյան՝ շատերին հայտնի նկարիչը բացվում է միանգամայն անհայտ կողմերով: Այստեղ նրա ներաշխարհի թաքուն անկյուններն են բացվում, մենք հանդիպում ենք արվեստագետի մարդկային ամենանուրբ վիճակներին: Բանաստեղծություններ, որ ներաշխարհի քնարական շերտեր են բացում, օրագրություններ, խոհեր, մտորումներ, մտքի պատառիկներ, որոնք յուրաքանչյուր հեղինակի ստեղծագործական աշխարհը ավելի լավ ըմբռնելու, նրա մեջ նստած ներքին մարդուն ճանաչելու ամենաուղիղ ճանապարհն է: Երբ նա մեկուսի, իր ներսում ինքնախոստովանանք է անում, երբ նա լուռ թղթին է հանձնում ներքին շշուկներ, մտքեր, գաղտնիքներ, չմտածելով, որ դրանք երբևէ կհրապարակայնացվեն, ու նա որքան մենակ է, նույնքան անկեղծ է: Այստեղ ահա Էդուարդ Իսաբեկյանի խոհական, զգայական ու փխրուն հոգու ծալքերն են, որ բացվում են մեր առաջ. «Մտքերն իմ կարող են և լինել, և թվալ պարզունակ, մտքեր են և ոչ փիլիսոփայական տրակտատ կամ վարդապետություն: Այդպես կարծում եմ, մտածում, խորհում: Գուցե և ավելորդություն է խորհածս, չեմ վիճում: Մենակության թելադրանքով եմ գրում և ոչինչ-ոչինչ չակնկալելով, հոգու թեթևության համար, ազատվելու համար հետապնդող մտածմունքներից, հետաքրքիր կամ անհետաքրքիր թվացումներից, ազատվելու միով բանիվ «խելոքություն» թվացող կասկածամտությունից, հոգու թեթևության համար»:
Շնորհակալություն հայտնելով կայքի աշխատանքներն իրականացնողներ Իրինա Իսաբեկյանին և Հովհաննես Թաջիրյանին, Արամ Իսաբեկյանն ասաց, որ հայրը օրագրություններ գրել է վաղ տարիներից, կյանքի վերջին շրջանում վարպետը կորցրած տեսողությամբ դեռ շարունակում էր նկարել և գրել, սակայն այդ տարիներին թղթին հանձնած գրություններն անընթեռնելի են, աշխատանքներ պիտի տարվեն դրանք հասանելի դարձնելու, թեև գործի մեծ մասն արդեն արված է: «Նյութը բավականին ծավալուն է: Շատ աշխատանքների սլայդներ չկան, Հայաստանում չեն, հասանելի տեղերում չեն: Տարբեր տարիներին, տարբեր երկրներում վաճառվել են գործեր, որ չեն արձանագրվել, լավորակ սլայդներ չեն արվել: Կատարվել է գնահատելի աշխատանք, և այն լինելու է շարունակական»,- նշեց Արամ Իսաբեկյանն ու դիմեց ներկաներին նման նյութեր ունենալու դեպքում տրամադրել կայքի աշխատակիցներին:
Ներկայացված նյութերը և հատկապես անտիպ էջերը, օրագրությունները, բանաստեղծությունները, խոհերը, արձակ էջերը հասարակությանը ներկայացնելու ժամանակակից այս միջոցը իսկապես արդյունավետ է և մատչելի:
Մելանյա Բադալյան