Կուրսային աշխատանքների ցուցադրություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը տարիների ավանդույթներ ունի ձևավորած, որոնք գնալով ավելանում են, նոր երանգներ առնում։ Սա, իհարկե, ուսանողների ստեղծագործական ակտիվության արդյունքն է: Մասնավորապես, համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների վերջին շրջանի հաջողությունները դրա վկայություն են՝ Խարկովի տառարվեստի միջազգային ցուցահանդեսի գլխավոր երեք մրցանակները, համատեղ ցուցահանդեսը շվեցարական Բազել քաղաքի Դիզայնի դպրոցի ուսանողների հետ, և վերջինը՝ 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների ցուցադրությունը՝ ծավալուն, հագեցած, տարաբնույթ, թեմատիկ բազմազանությամբ: Աշխատանքները ղեկավարել են դասախոսներ Նառա Մենդելյանը, Արաքսյա Ղազարյանը, Աննա Ավետիսյանը, Նարեկ Փայասլյանը:
Ցուցահանդեսի բացմանը ռեկտոր Արամ Իսաբեկյանը արձանագրեց այն առաջընթացը, որ ունենում են ուսանողները վերջին տարիներին, մասնավորապես, աշխատանքները ներկայացնելու կուլտուրան, մոտեցման բազմազանությունը և մտահղացումների համարձակությունը։ Տարիների փորձը վկայում է այդ աճը՝ կոմպոզիցիոն մտածողության, տարբեր ոճադրումների, ճաշակի, ազատ մանեւրների: Դրվատանքի արժանացան պլակատներում հայերեն տառատեսակների մշակումները: Ակնարկվեց հակածխախոտային պլակատներում ավելի ընդգծված շեշտադրումների անհրաժեշտությունը: Որքան էլ աշխատանքներին նպաստում է ներկայիս տեխնիկական մատչելիությունը, միևնույն է հատկապես ճաշակի և մատուցման առումով առաջընթացն ակնհայտ Է:
Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը կարևորեց լսարաններում կատարված աշխատանքի՝ դրանց պատերում չմնալու հանգամանքը, այն գնահատելի հնարավորությունը, որ ընձեռում է ցուցասրահը, որով ձևավորվում է հանրային վերաբերմունք, տրվում են կարծիքներ, գնահատականներ, տեղի են ունենում քննարկումներ: Նա խոսեց նաև կուրսային աշխատանքները քննաշրջանից առաջ հանրությանը ներկայացնելու այսպիսի փորձը ավանդույթ դարձնելու մասին:
Մելանյա Բադալյան