Աշխատանքային այց Դուբլինի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտ
Մարտի 25-ից 29-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատանքային խումբը մեկնել է Դուբլին։ Այցի հիմնական նպատակն է տեղի Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի հետ փորձի փոխանակումը։
ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը և ավագ դասախոսներ Վահան Բալասանյանն ու Արսեն Ավոյանը հանդիպել են ԱԴՏԻ-ի նախագահ Աննի Դունայի, փոխնախագահ և ռեգիստրարի ղեկավար էնդրյու Փաուերի, ակադեմիական կառավարման և ուսանողների աջակցման պատասխանատու Դէվիդ Դոյլի և դասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների հետ։ ԱԴՏԻ-ի ղեկավարության հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու բուհերի հետագա համագործակցության հիմնական ուղղությունները և դրանց իրականացմանն ուղղված մոտակա գործողությունները, որոնք ներառում են ՀԳՊԱ-ի կառավարման համակարգի բարելավման, կրթական ծրագրերի վերանայման և վարչական ու դասախոսական անձնակազմի շարժունության ոլորտները։
ՀԳՊԱ-ի ներկայացուցիչները անհատական հանդիպումներ են ունեցել նաև ֆիլմ և մեդիա դեպարտամենտի անիմացիայի դասախոսներ Դևիդ Քուինի, Դեմիեն Բայրնի և Սթիվ Վուդսի, դիզայնի և վիզուալ արվեստի դեպարտամենտի ղեկավար Ջուլիան Քինգի, դիզայնի և վիզուալ արվեստի դեպարտամենտի դասախոսներ Քլայդ Դոյելի, Քլեր Բարմանի, ֆիլմերի և հեռուստատեսության դեպարտամենտի դասախոս Դեյդրե Օ Թուլի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել է կրթական ծրագրերի և դրանց բաղադրիչ մաս հանդիսացող մոդուլների կառուցվածքը, Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում կիրառվող դասավանդման, ուսումնառության և գնահատման մոտեցումներն ու այլ խնդիրներ։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի աշխատանքային խումբն այցելել է նաև կրեատիվ մեդիայի ոլորտում առաջատար «Պուլս» քոլեջը, ուր հանդիպում է ունեցել Խաղերի և անիմացիայի դեպարտամենտի ղեկավար Դևիդ Վիլյամսի և քոլեջի դասախոսների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի դիզայնի արդի առաջնահերթություններն ու միտումները, ինչպես նաև կրթական ծրագրերում գործատուների կարիքների և խաղերի շուկայում նկատվող միտումների ներառման մոտեցումները և դրանց հետ կապված խնդիրները։