ՀԳՊԱ-ի 2019-2020 ուսումնական տարվա ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առցանց պաշտպանության վերաբերյալ Որակի ապահովման կենտրոնի դիտարկումները
Ստորև ներկայացնում ենք ՀԳՊԱ ՈԱ կենտրոնի կատարած դիտարկումներն առցանց պաշտպանությունների վերաբերյալ:
Կերպարվեստի ֆակուլտետ*
«Գրաֆիկա» և «Գեղանկարչություն» ՄԿԾ-երի պաշտպանության ժամանակ նկատեցինք, որ ուսանողները չունեին խոսքի տրամաբանական կառուցվածք. սկսում էին խոսել աշխատանքի կառուցվածքից, հետո թեմայի ընտրությունից և կրկին վերադառնում կառուցվածքին… Բացի այդ, խոսում էին շատ կարճ: «Գրաֆիկա» և «Գեղանկարչություն» կրթական ծրագրերի ուսանողների դեպքում ղեկավարն էր հիմնականում բովանդակային ներկայացնում ուսանողների աշխատանքը, այնինչ ուսանողը ինքը պետք է նման ձևով ներկայացներ: Հարկ է նշել, որ «Գեղանկարչություն» բակալավրի կրթական ծրագրի ավարտական ուսանողներն ինչ-որ չափով կարողանում էին համապարփակ ներկայացնել իրենց աշխատանքը՝ հաղորդակցվելու ու ներկայացնելու տեսանկյունից բավականին հմուտ էին, ինչը չի կարելի ասել մագիստրատուրայի ուսանողների մասին:
Ուսանողի խոսքից հետո հիմնականում չէին հնչում մասնագիտական հարցեր, տեղի չէր ունենում մասնագիտական քննարկում, ինչը, կարծում ենք, հետևանք էր առաջին անգամ առցանց պաշտպանության կազմակերպման հետ:
«Կերպարվեստի պատմություն և տեսություն» կրթական ծրագրի ուսանողները բանավոր շատ լավ ներկայացնում էին իրենց աշխատանքները, բայց էկրանի վրա որևէ կերպ չէր երևում աշխատանքը: Հանձնաժողովի անդամները մասնագիտական տարբեր հարցեր էին ուղղում ուսանողին և քննարկում իրականացնում: Մտահոգության առիթ հանդիսացավ ոչ արդիական թեմաների ընտրությունը:
Մինչդեռ, ընդհանուր առմամբ, բացակայում էր աշխատանքների ներկայացման համընդհանուր մոտեցումը: Ուսանողներն իրենց աշխատանքները ներկայացնում են տարբեր ֆորմատներով՝ PPT, JPG, WORD, PDF: PPT-ները լցված էին տեքստերով, անհավասար նկարներով և այլ: Առկա էր տեխնիկական մի շարք վրիպակներ և բացթողումներ՝ անհամաչափ տառեր, խառը պարբերություններ և այլ:
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ**
«Համակարգչային գրաֆիկա», «Հագուստի մոդելավորում», «Դիզայն» ՄԿԾ-երի պաշտպանությունը շատ ծանրաբեռնված էր՝ ուսանողների թիվն էր մեծ: Կարծում ենք, կարելի էր Գյումրու մասնաճյուղի աշխատանքներն առանձին օր դիտել, քանի որ և՛ հանձնաժողովի անդամները, և՛, հատկապես, ուսանողներն անասելի հոգնել էին, և, ինչ-որ իմաստով անհավասար պայմաններում էին: Սակայն այս լարված իրավիճակում հանձնաժողովն ամեն ինչին ըմբռնումով էր մոտենում:
Տպավորությունը շատ բարձր էր հատկապես «Համակարգչային գրաֆիկա» ՄԿԾ-ի աշխատանքներից: Դա, հավանաբար, մասնագիտությունից էր՝ բոլոր ՄԿԾ-երի ուսանողների համեմատ նրանք ամենալավն են տիրապետում համակարգչին, և, հետևաբար, ամենալավը նրանք ներկայացան այս պաշտպանությանը:
Ուսանողների մոտ լինում էին տեխնիկական խնդիրներ: Ոմանք հնարավորություն չունեցան էկրանը կիսել մասնակիցների համար և ստիպված էին տեսագրությամբ հանդես գալ, ինչը նույնպես անհավասար պայմաններ է ստեղծում ուսանողների համար:
Նկատվեց, որ ուսանողերն ավելի հանգիստ և անկաշկանդ էին խոսում, հիմնականում բոլորն էլ լավ ներկայացրին աշխատանքը, ավաղ, այդ կարճ ժամանակահատվածում հաճախ ուսանողների քրտնաջան աշխատանքն ամողջությամբ չէր երևում, պրոյեկտորով գույներն աղավաղված էին, ստիպված հանձնաժողովը մոնիտորով էր նայում:
Կախված իրավիճակից «Հագուստի մոդելավորում» ՄԿԾ-ի ուսանողներն ունեին ընդամենը մեկ աշխատանք նյութի վրա, «Դիզայն» ՄԿԾ-ի ուսանողների մոտ բացակայում էին մանրակերտերը, «Համակարգչային գրաֆիկա» ՄԿԾ-ի ուսանողները հնարավորություն չունեցան ներկայացնել տպագրված աշխատանքները:
Առցանց պաշտպանության ընթացքում էսքիզների ցուցադրության ժամանակ ակնառու էր Գունանկար և Գծանկար առարկաներից ուսանողների ստացած հմտությունների շահեկան ազդեցությունը: Իհարկե, անցած տարիներին նույնպես ուսանողների պորտֆոլիոյում լինում էին տեղադրված էսքիզներ, բայց ժամանակի սղության պատճառով հանձնաժողովը չէր հասցնում դրանք նայել:
Ինչ վերաբերում է ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության կազմակերպմանը, ապա պետք է նշենք, որ տեխնիկական մասը բավականին լավ էր կազմակերպված /պատասխանատուներ՝ Հովհաննես Թաջիրյան և Սերգեյ Աբովյան/, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ՀԳՊԱ համապատասխան աշխատակիցներին: Տեխնիկական խնդիրներ էին առաջանում միայն ուսանողների մոտ՝ կապված նրանց ինտերնետ կապից կամ համակարգչից:
Կարծում ենք, ՀԳՊԱ-ն հաջողությամբ ավարտեց այս փուլը: Բոլորին ցանկանում ենք առողջություն և շուտափույթ վերադարձ մեր նորմալ կյանքին:
* Քանդակ ՄԿԾ-ի պաշտպանությանը ՈԱ կենտրոնը ներկա չգտնվեց՝ քննությունների մասնակցելու պատճառով:
** Խեցեգործություն ՄԿԾ-ի պաշտպանությանը ՈԱ կենտրոնը ներկա չգտնվեց՝ քննությունների մասնակցելու պատճառով:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար՝ Նունե Մինասյան
Որակի ապահովման կենտրոնի մասնագետ՝ Մարիամ Հովհաննիսյան