Հեռավար կրթության իրականացման արդյունավետության գնահատում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնը իրականացրել է հարցում բոլոր կրթական ծրագրերի դասախոսական կազմի շրջանում հեռավար կրթության արդյունավետությունը գնահատելու և առկա խնդիրները վերհանելու նպատակով: Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել հեռավար կրթության անցկացման ձևերին, դասավանդման և գնահատման մեթոդներին, տրվող առաջադրանքներին և այլն: Ստորև ներկայացվում են հարցման հիմնական ադյունքները:
- Դասախոսների հիմնական մասը նշում է, որ դասընթացներն իրականացվում են կապի և տեղեկատվության տարբեր միջոցներով՝ Zoom, Jitsi, Facebook, Massenger, Skype: Որոշ դեպքերում զանգահարում են միմյանց, քանի որ համացանցի հասանելիության խնդիր է լինում, ինչպես նաև որոշ ուսանողներ չունեն համապատասխան հնարավորություններով հեռախոս և/կամ համակարգիչ:
- Հարցման մասնակիցները նշում են, որ նման ձևաչափով աշխատելը շատ ավելի աշխատատար և ժամանակատար է:
- Հեռավար դասերին մասնակցում է ուսանողների մեծամասնությունը, սակայն կան ուսանողներ, ովքեր ընդհանրապես չեն արձագանքում դասախոսներին և համակուրսեցիներին:
- Դասախոսները վերանայել են տրվող առաջադրանքները՝ շեշտադրելով ուսումնասիրությունը և հետազոտությունը: Ուսանողներն առավել շատ են իրականացնում ինքնուրույն աշխատանք: Որոշ դասընթացների դեպքում գործնական աշխատանքները քչացել են, քանի որ չկան համապատասխան լաբորատոր և/կամ արվեստանոցային պայմաններ: Օրինակ՝ հասանելի չեն տպագրական հաստոցներ («Գրաֆիկա» կրթական ծրագիր), տարբեր տեսակի գործվածքներ, ժամանակակից կարի մեքենաներ («Հագուստի մոդելավորում» կրթական ծրագիր), համապատասխան հզորությամբ համակարգիչներ («Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագիր), վառարաններ («Դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագիր) և այլն:
- Հարցման մասնակիցները՝ հիմնականում «Գեղանկարչություն» կրթական ծրագրի դասախոսները, նշում են, որ ուսանողները հնարավորություն չունեն պրոֆեսիոնալ բնորդ նկարելու: Նշում են, որ նրանք որպես բնորդ նկարում են իրենց ընտանիքի անդամներին:
- Առաջադրանքների գնահատման համար դասախոսները նշում են, որ ուսանողները կատարած աշխատանքները ուղարկում են իրենց կամ տեսազանգ է իրականացվում, որի ընթացքում քննարկվում են այդ գործերը: Ստեղծվել են տարբեր խմբեր Facebook-ում, որտեղ ուսանողները վերբեռնում են գունանկարի և գծանկարի աշխատանքները: Որոշ դասախոսներ նշում են նաև, որ լուսանկարված աշխատանքները հաճախ իրականից տարբերվում են գունային առումով, ինչը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ճիշտ ընկալել գույներն ու երանգները:
- Դասախոսական կազմը նշում է, որ հեռավար կրթության դեպքում ուսանողներն առավել ազատ են ընտրել ստեղծագործելու թեման և աշխատանքային նյութը, քանի որ մասնագիտական խանութները փակ են, ինչպես նաև հանրային տրանսպորտը չի գործում:
Չնայած պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերին՝ հաշվի առնելով ՀԳՊԱ-ի առարկաների առանձնահատկությունները՝ հեռավար ուսուցումը լիարժեքորեն չի կարող ապահովել դասընթացների և ՄԿԾ-երի վերջնարդյունքները:
ՈԱ կենտրոնի ղեկավար՝ Նունե Մինասյան
ՈԱ կենտրոնի մասնագետ՝ Մարիամ Հովհաննիսյան