ՀԳՊԱ-ում անցկացվեցին դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները
Մայիսի 22-29 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեցին 2019-2020 ուսումնական տարվա բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները: Նոր կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից ելնելով պաշտպանություններն անցկացվեցին առցանց՝ ZOOM հարթակի միջոցով:
Պաշտպանությունից հինգ օր առաջ ըստ մասնագիտության պահանջների ուսանողները ամբիոնի վարիչին կամ ամբիոնի կողմից նշանակված պատասխանատուին էին ուղարկել ավարտական աշխատանքները և դրանց բացատրագրերը («Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա»; բակալավրիատ), ավարտական նախագծերը և դրանց բացատրագրերը («Դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում»; բակալավրիատ), գրավոր ավարտական աշխատանքները («Արվեստաբանություն», բակալավրիատ), կատարված աշխատանքները և գրավոր հետազոտական աշխատանքները («Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա»; մագիստրատուրա), ավարտական նախագծերը և գրավոր հետազոտական աշխատանքները («Դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում»; մագիստրատուրա), գրավոր հետազոտական աշխատանքները («Արվեստաբանություն»; մագիստրատուրա):
Պաշտպանությունից մեկ օր առաջ համապատասխան ամբիոնի վարիչը ուսանողներին էր ուղարկել ZOOM հարթակ մուտք գործելու հղումը և գաղտնաբառը՝ պաշտպանության տեսակոնֆերանսին միանալու համար: Յուրաքանչյուր ուսանող պաշտպանության ամբողջ ընթացքում ապահովել էր տեսա և ձայնային կապը, ըստ անհրաժեշտության՝ նաև իր համակարգչի աշխատանքային սեղանի տեսանելիությունը: Պաշտպանությունների ողջ ընթացքը տեսաձայնագրվել է:
Նշենք նաև, որ ըստ մասնագիտությունների քննող հանձնաժողովների նախագահներն էին ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը («Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա»), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիզայներ Ռուբեն Մնացականյանը («Դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում») և ճարտարապետության դոկտոր, Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Գրիգորյանը («Արվեստաբանություն»):