Դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդես
«Վերջերս այստեղ բացվող ցուցահանդեսները մեկը մյուսից ներկայանալի են։ Այս անգամ շնորհավորենք Մարիա Բաբյանին՝ իր ղեկավարությամբ ամբիոնի կատարած աշխատանքների համար, որի արդյունքը մենք տեսնում ենք հիմա, աշխատանք, որ տարիներ արդեն շարունակվում է»,- «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ուսանողների ցուցահանդեսի բացման խոսքում ասաց ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։
Ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի խոսքը մտածելակերպի փոփոխության, գեղարվեստական միտքը ժամանակի մեջ տեղավորելու, ստեղծագործական առումով սահմանափակ միջավայրից դուրս գալու մասին էր։
Ամենամյա ուսանողական հաշվետու ցուցահանդեսները վաղուց արդեն ուսումնական գործընթացի մաս են, համարվում եմ դրա շարունակությունը, ստացած գիտելիքի, հմտությունների դրսևորման լավագույն ձև, ինչը հնարավորություն է տալիս համեմատելու, տեսնելու զարգացումները, փոփոխությունները, տարբերությունները՝ մոտեցումների և արտահայտչամիջոցների։ Երեկվա ցուցահանդեսը իսկապես տարբեր էր նախորդներից ոճով, արտահայտչամիջոներով, գունային ներդաշնակությամբ, պարզության մեջ գրավիչ և հանգիստ միջավայր ապահովելու առումով հատկապես։
Այս տարբերությունը նկատի ունենալով, Ավետիք Ավետիսյանը խոսեց աշխատանքների մեջ ընդհանուր մտածողության փոփոխության և նկատելի առաջընթացի մասին։ «Մենք շատ ենք խոսում ազգայինի մասին, սակայն դա կուժ ու կուլան, կճուճը չի, պատմականը չի, որ իհարկե սրբորեն մեզ ծառայում է մինչև այսօր։ Այստեղ ցուցադրված յուրաքանչյուր գործի մեջ ազգային տարրեր կան, այն ինչ արված է, գալիս է ազգայինից և տպավորություն չստեղծվի, թե այստեղ ազգային բան չկա։ Այսօր զուտ ազգայինով սահմանափակվել, դուրս չգալ, մնալ փակված այս փոքր երկրում, կարծում եմ սխալ է։ Պետք է մտածողության հորիզոնները լայնացնել։ Հայկականը արվեստում պիտի դրսևորվի մտածողության մեջ, ուշադիր դիտողը այն անպայման կարող է գտնել»։ Նա ավելացրեց նաև, որ ակադեմիան ուսանողներին ապահովել է անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ աշխատելու, ստեղծագործելու։
Ամբիոնի վարիչ Մարիա Բաբյանը ստեղծագործական առաջընթացը պայմանավորում է հմտությունների, ունակությունների զարգացումով, թարմ գաղափարների, նոր, հետաքրքիր մտքերի շարունակաբար ի հայտ գալով։ Նա ստեղծագործական ակտիվ կյանք մաղթելով ուսանողներին՝ ասաց. «Չբավարարվեք ձեռք բերածով, արդեն սովորածով, այստեղ մենք ձեր կողքին ենք, կազմակերպում, աջակցում ենք, պահանջում, բայց վաղը, մյուս օրը դուք ինքնուրույն եք այդ ամենն անելու, առանց մեր ներկայության, պետք է պատրաստ լինեք դրան, իսկ ամենակարևորը՝ անընդհատ զարգանալու»:
Մելանյա Բադալյան