Արա Հովհաննիսյանի ճանաչելի և վերացական իրականությունները
Արվեստագետի ձեռագրի ինքնատիպությունը մատնում է նրա ներքին որոնումների ուղղվածությունը: Այդ ձեռագիրը ստեղծագործական ընթացքի մեջ փոփոխության ենթարկող արվեստագետը իր համար կարևոր խնդիր է լուծում. որքանո՞վ են ժամանակի զարագացումներին ադապտացվում իր ընկալումներն ու մոտեցումները, ինչպիսի՞ն է արձագանքը նորարարությունների հանդեպ և դրանք բացահայտելու իր կարողականությունը: Խոսքը անբովանդակ ֆորմալիզմի մասին չէ, այլ կյանքի թելադրանքով արվեստի մեջ կատարվող բնականոն զարգացումների:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դասախոս Արա Հովհաննիսյանը անհատական առաջին ցուցահանդեսը նպատակահարմար է համարել կազմակերպել «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Երբ իր խոսքում անդրադարձավ ուսանողական անցյալին, հիշատակեց նշանավոր արվեստագետներին, որ դասավանդել են այդ տարիներին, ասաց, որ երազանք է եղել ունենալ սեփական ստեղծագործությունները ներկայացնելու ցուցասրահ: Հիշելով ակադեմիայի դժվարին տարիները՝ նա գնահատեց կիսաքանդված, քայքայված բուհը ներկայիս գոհացուցիչ կարգավիճակի հասցնելու Արամ Իսաբեկյանի գործադրած ջանքերը:
Նախասրահային հատվածի ձմեռային պեյզաժների, հաջորդ սրահում աբստրակտ գործերի փոխկապակցվածությունը ու նաև տարբերությունները, Փարավոն Միրզոյանի կարծիքով, ստեղծագործողի մտածելակերպային փոփոխության մասին են վկայում: Այս նույն տեսանկյունից է դիտարկում ցուցահանդեսային աշխատանքները արվեստաբան Լարիսա Թոփչյանը: Նրա հայացքը՝ նկարչի ոճերի հերթագայության մասին, ելնում է նախկին, արդեն ծանոթ ստեղծագործությունների տպավորություններից: Սովորաբար, ինչը նաև համարվում է բնականոն ընթացք, արվեստագետները աբստրակցիայի հանգում են ռեալիզմից հետո: Տարիներ շարունակ աբստրակտ ուղղությամբ ստեղծագործող նկարիչը փոփոխության է ենթարկել ոճը հակառակ ուղղությամբ. «Այս հրաշալի սիմբիոզը՝ աբստրակցիայի և ռեալիզմի, ցույց է տալիս, որ մարդու գիտակցությունը անընդհատ տրանսֆորմացիայի է ենթարկում այն աշխարհը, որտեղ նա ապրում է: Այսինքն այն շարժվում է, զարգանում է, կանգնած չէ»:
Գեղանկարիչ, արվեստաբան Արա Հայթայանը պատանության տարիներից է մտերիմ Արա Հովհաննիսյանին, երբ առաջին անգամ պլեների էին գնում միասին, կայանում իբրև նկարիչ: «էքսպոզիցիան հետաքրքրական արկած ունեցավ իր մեջ», – ասում է նա, քանի որ ծանոթ է եղել յուրաքանչյուր գործի նախապատմությանը: Հայթայանը ափսոսանք հայտնեց, որ ընկերոջ առաջին անհատական ցուցահանդեսը այսքան ուշացումով է տեղի ունենում, ինչը զրկել է հանրությանը արվեստագետի նախընթաց ճանապարհը իմանալու հնարավորությունից: Ցուցադրված աշխատանքների նախասրահային հատվածը նա պայմանականորեն համարեց ճանաչելի իրականություն, որտեղ մեր կյանքի մի հատվածն է՝ 2017-ի խստաշունչ ձմռան անվերջանալի թվացող մղձանանջը: Նկարիչը, արվեստանոցի իր պատուհանից ամենօրյա դիտարկումներով, բացել է «ժողովրդի հոգեբանական քարտեզը», որտեղ ձմեռային պատկերները, երևանյան բակերի, փողոցների անկյուններում կանգնած մարդկանց շփոթմունքը՝ եղանակի քմահաճության դեմ, կտավին իջած սպիտակի թանձր կուտակումները, հասնում են լարվածության գերագույն աստիճանի: Եվ թվում է, այն սպառնում է դառնալ չփոխվող իրականություն, մշտական վիճակ, որքան էլ՝ տեղ-տեղ մոխրագույնի պտույտները փորձում են շրջադարձ անել, իսկ անկյունի մի ծայրում կանգնած թռչունի խորհրդանշական կերպարը ընդգծում է մթնոլորտի լարվածությունը:
Նկարչի հաջորդ շարքի վերացական բնույթը Արա Հայթայանը համարում է թվացյալ, որովհետև այդ ձևերի տակ ուշադիր աչքը կարող է տեսնել միանգամայն այլ բան. «Յուրաքանչյուր գործ իր ետևում ունի նախապատկեր, ունի պեյզաժ, ինտերիեր: Եվ Արա Հովհաննիսյանը այդ առումով վտանգավոր գծի վրա է անընդհատ քայլում, որ կարող է ընկնել թե այս, թե այն անդունդը: Բայց ինքը կարողանում է պահել հավասարակշռությունը ճանաչողական իրականության և վերացական ձևերի միջև, և սա իր առավելությունն է: Յուրաքանչյուր գործ արված է լարվածության վերին աստիճանով: Արան այն նկարիչը չէ, որ գործը թողնի կոմֆորտ վիճակի մեջ և մեզ էլ չի թողնի կոմֆորտ վիճակում: Այն լարումը, որ իր մեջ կա, դրսևորվում է ամեն գործի մեջ, և կարծում եմ՝ այս արվեստը չի կարող զգայուն հանդիսատեսին անտարբեր թողնել: Այսօր մենք, կարծում եմ, հեղինակ ենք բացահայտում այս ամբողջության մեջ»:
Մելանյա Բադալյան