«Մեր Կոմիտասը»
Կոմիտասյան օրեր՝ արվեստի բուհերի համագործակցությամբ
Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի հոբելյանական 150-տարին նշվեց ամենատարբեր մակարդակներով, մշակութային ամենատարբեր վայրերում և շարունակվում է: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մեծ երգահանի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը անց է կացնում նոյեմբերի 19-ից 25-ը՝ «Մեր Կոմիտասը» խորագրի ներքո: Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Մովսիսյանի առաջարկությամբ Կոմիտասյան շաբաթն անց է կացվում Հայաստանի արվեստի երեք բուհերի՝ Կոնսերվատորիայի, Գեղարվեստի պետական ակադեմիայի և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ:
Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, մասնակից բուհերի ղեկավարներին, ուսանողությանը, խոսեց արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունների և ազդեցությունների, առհասարակ արվեստի մարդու հոգեկերտվածքի առանձնահատկությունների, նրա էմոցիոնալ հարստության, մտածողության յուրահատկությունների, մարդկային կյանքի վրա բարձրարվեստ ստեղծագործության ներգործուն ուժի մասին: Ըստ ծրագրի կազմակերպիչ և նախաձեռնող Ծովինար Մովսիսյանի, արվեստի բուհերի այսպիսի համագործակցությունը կոչված է ավելի բովանդակային ու հարուստ դարձնելու հոբելյանական միջոցառումների շարքը, նա կարևորեց դրա ոչ ֆորմալ բնույթը, փորձը՝ Կոմիտասի արվեստը ներկայացնելու նորովի, որի համար ուսանողներն ու ղեկավարները ջանք չեն խնայել՝ դրսևորելու այն ազատությունն ու նորությունը, ինչ գտել են Կոմիտասի արվեստի մեջ։ «Վստահ եմ, որ արվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն հարատև է, երբ այն խոսում է տվյալ ժամանակի երիտասարդ սերնդի հետ», – ասաց նա: Այսինքն՝ արվեստի գործի իրական քննությունը հանձնված է ժամանակներին, երբ այն շարունակում է մնալ հաջորդ սերունդների հետաքրքրությունների մեջ, երբ համահունչ է հետագայի գեղարվեստական մտածողությանն ու ընկալումներին, և տալիս է հնարավորություն՝ մեկնաբանության նոր ձևեր ու նոր ճանապարհներ գտնելու: Կոնսերվատորիայի ուսանողները փորձել էին դա անել և հաջողել էին, ինչն արտահայտվեց երաժշտական տարբեր կատարումներով: Հնչեցին «Սուրբ-սուրբ», «Սոնա յար», «Երկինքն ամպել ա», «Անտունի», «Օրոր», «Մշեցոնց Բինգյոլ», «Ակնա օրոր», «Հով արե՜ք, սարեր ջան», «Չինար ես», «Չեմ կրնա խաղալ», «Ավետիք» ստեղծագործությունները: Կոմիտասի քառյակների ասմունքով հանդես եկան ուսանողուհիներ՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները մասնակցում էին նկարչական աշխատանքներով:
Կոմիտասյան միջոցառումների շարքը հաջորդ օրերին կշարունակվի արտագնա դասախոսություններով, վարպետության դասերով, ուսանողական գիտաստեղծագործական ամենամյա գիտաժողովով և կավարտվի միջբուհական գիտաժողովով՝ մասնակցությամբ Կոնսերվատորիայի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոսների: Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն «Երաժշտական Հայաստան» ամսագրում:
Հանդիսատեսին հաճելի տրամադրություն հաղորդած համերգային ծրագրի ավարտին ՀԳՊԱ-ի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը ներկաներին հրավիրեց Կոմիտասյան օրերի հաջորդ համերգին, որը կկայանա նոյեմբերի 21-ին՝ ԵԳՊԱ ցուցասրահում:
Մելանյա Բադալյան