Հաագայի «Gemeentemuseum»-ը շուտով դառնալու է «Kunstmuseum»
Հոլանդերենի որոշ հնչյունների բարդ արտասանությունը խոչընդոտում է թանգարանների աշխատանքին։ Այսպիսի հետևության են եկել Հաագայում։ «Հոլանդերերենը բարդ լեզու է, իսկ որոշ օտարերկյա զբոսաշրջիկների համար «Gemeentemuseum»-ի առաջին տառը՝, «խ»-ն, ընդհանրապետ արտաբերելի չէ,- ասում է 150-ամյա թանգարանի տնօրեն Բեննո Թեմփելը։- Դա լուրջ խոչընդոտ է, և մեր թանգարանի անվանափոխութան հիմնական պատճառը»։
Սա Հոլանդիայում թանգարանի ռեբրենդինգի առաջին դեպքը չէ։ 2010-ին «Amsterdam Historisch Museum»-ը վերանվանվել է «Amsterdam Museum»-ի, իսկ 2016-ին «Letterkundig Museum»-ը վերածվել է «Literatuurmuseum»-ի։ Վերոհիշյալ «Gemeentemuseum»-ը հիմնադրման օրվանից մի քանի անգամ է վերանվանվել, և ներկայիս անվանումը կրում է 1998-ից։ «Մեր թանգարանի անվանումները երբեք չեն նպաստել զբոսաշրջիկների մոտ մեր վարկանիշի բարձրացմանը,- ասում է տնօրենը,- զարմանալի կլիներ, եթե հոլանդերենին չտիրապետող մարդը հասկանար, օրինակ, թանգարանի նախկին անվանումը՝ «Museum van de Dienst voor Schone Kunst»: Մեր նոր անվանումը, հուսով եմ, ավելի մատչելի է, և զբոսաշրջիկը հաստատ կիմանա, թե ուր է գնում և ինչ սպասելիքներով»։
Թանգարանի նոր անվանումը գործելու է 2019-ի հոկտեմբերից՝ Կլոդ Մոնեի կտավների ցուցահանդեսի բացման արարողության պահից: Տնօրինությունը հուսով է, որ մեծ ֆրանսիացու արվեստի երկրպագուները՝ օգտվելով թանգարանի նոր, դյուրահունչ անունից, կհետաքրքրվեն նաև այլ հռչակավոր գործերով, որոնք առկա են 160 000 արվեստի գործ պարունակող «Gemeentemuseum»-ում։ Բավական է նշել, որ այստեղ են գտնվում Պիտ Մոնդրիանի ավելի քան 300 կտավ, որոնց թվում նրա վերջին գործը՝ «Բուգի Վուգիի հաղթանակը» (1943-1944)։ Վերջին տասնամյակում թանգարանի այցելուների թիվը կրկնապատկվել է, և միայն 2017-ին Մոնդրիանի երեք ցուցահանդեսները ավելի քան 289 000 այցելու են գրավել։ «Այո, մենք որոշակի հաջողություններ ունենք,- նշում է տնօրենը:- Մեր հավաքածուն լայնորեն հայտնի է աշխարհին, սակայն մեր անվանումը՝ ոչ։ Այժմ վստահ ենք, որ վերանվանման արդյունքում հետաքրքիր կդառնանք ավելի լայն հասարակայնությանը»։