Հրատարակվել է Հակոբ Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» մենագրությունը
Հրատարակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» մենագրությունը։
Լինելով հմուտ հնագետ՝ Հակոբ Սիմոնյանը շուրջ երեսուն տարի ՀԳՊԱ-ի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնում դասավանդում է «Հայաստանի հնագույն արվեստը» առարկան: Մենագրությունը գրված է հստակ և տրամաբանական ձևակերպումներով, արվեստաբանական եզրերի լայն կիրառմամբ: Այն բաղկացած է ներածականից, հինգ գլուխներից, գրականության ցանկից և ծավալուն հավելվածից, որտեղ ներկայացվում են թեմային կից պատկերներ: Ինչպես «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստի» առաջաբանում նշում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանը, «Գիրքը պահանջել է գիտության տարբեր բնագավառների՝ արվեստի պատմության և տեսության, հնագիտության, Հին Աշխարհի պատմության, արևելագիտության, ազգագրության, մշակութաբանության, հնագույն փիլիսոփայական ընկալումների, դիցաբանության և այլ գիտելիքների տիրապետում, նշված բնագավառների սկզբնաղբյուրներն ի մի բերելու և քննական տեսության մեթոդներով մեկնաբանելու հմտություն»։
Հակոբ Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» մենագրությունը հրատարակության են երաշխավորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհուրդները։ Գիրքը նվիրված է հեղինակի ծնողների՝ Երվանդ Սիմոնյանի և Ֆլորա Հարությունյանի հիշատակին։