Ժան-Պիեռ Տանգիի այցը ՀԳՊԱ
2024-ի մայիսի 2-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա այցելեց ճանաչված նկարիչ, փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեռ Տանգին։ Նա հանդիպեց գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանի, ինչպես նաև գրաֆիկայի ամբիոնի ավարտական կուրսի ուսանողների հետ, շոշափվեցին մասնագիտական, տեխնիկական հարցեր։ Ժան-Պիեռ Տանգին խոստացավ վերադառնալ ակադեմիա, կազմակերպելու հատուկ վարպետաց դաս ուսանողների համար։
Այս անգամ Ժան-Պիեռ Տանգին Հայաստանում է Երևանի քաղաքապետարանի, «Մշակույթների Երկխոսություն» կազմակերպության, Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության և ֆրանսիական ինստիտուտի հրավերով։ 2024-ի մայիսի 3-ից 27-ը Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում առաջին անգամ Հայաստանում ցուցադրվելու է Փարիզում ներկայացվող «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային Բիենալեի» (Biennale Internationale de la Gravure de Sarcelles) հիմնադիր և համադրող, փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեռ Տանգիի «Փորագիր կանգառներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։
Ֆրանսիացի անվանի արվեստագետը հանրությանը և մասնագիտական հանրույթին կներկայացնի շուրջ 200 փորագրանկար։ Վերջիններս ստեղծվել են Տանգիի՝ Իսպանիա, Մարոկկո, Վենետիկ, Ասիա և Նյու Յորք կատարած ճամփորդությունների ընթացքում և ձեռք բերված տպավորությունների արդյունքում։ 2024-ի մայիսի 5-ին Ժան-Պիեռ Տանգին կմատուցի վարպետության դաս գեղարվեստական տպագրության՝ փորագրանկար (փորագրություն հատիչով) տեխնիկայի առանձնահատկությունների և մասնագիտական հմտությունների վերաբերյալ։
Ժան-Պիեռ Տանգիի անհատական ցուցահանդեսի բացումը կայանլու է մայիսի 3-ին ժամը 19։00-ին, Գեղագիտության ազգային կենտրոնի Թանգարանում (Աբովյան 13)։
Արտաքին կապերի բաժին