Հայտարարվում է երիտասարդ գիտնականների և ասպիրանտների գիտական հոդվածների մրցույթ
Հայաստանի Հանրապետության բուհերի և ակադեմիական կենտրոնների հարգելի երիտասարդ գիտնականներ և ասպիրանտներ, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (Մոսկվա) աջակցությամբ հայտարարում է հայաստանյան բուհերի և ակադեմիական կենտրոնների երիտասարդ գիտնականների և ասպիրանտների (մինչև 35 տարեկան) գիտական հոդվածների մրցույթ:
Մրցույթի թեման է՝ «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր. պատմություն, ժամանակակից վիճակ և հեռանկարներ»: Ներկայացված հոդվածներում կարող են լուսաբանվել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հետևյալ ոլորտները.
- Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները:
- Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը, փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում:
- Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտում:
- Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գիտության, կրթության և մշակույթի ոլորտում:
- Հայաստանը և Ռուսաստանը որպես ընդհանուր քաղաքակրթական տարածքի մասեր:
Ներկայացված գիտական հոդվածները պետք է ներկայացվեն հայերեն կամ ռուսերեն, 15 էջից ոչ ավելի ծավալով (տառատեսակ՝ 12, տառաձև՝ Times New Roman, միջտողային տարածք՝ 1): Աշխատանքները կարող են բաժանված լինել ենթագլուխների: Աղբյուրները և օգտագործված գրականությունը պետք է արտացոլվեն տողատակում, յուրաքանչյուր էջի տակ: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի ռուսերեն համառոտագիր (15 տողից ոչ ավել):
Լավագույն գիտական հոդվածները կտպագրվեն «Բանբեր․ Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» ԵՊՀ գիտական պարբերականում կամ համալսարանական այլ պարբերական հրատարակություններում: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. մայիսի 10-ն է:
Մրցույթային աշխատանքները պետք է ներկայացվեն էլեկտրոնային, ինչպես նաև տպագիր տարբերակներով (էլ. հասցե՝ russian.studies@ysu.am)։ Հոդվածների տպագիր տարբերակները պետք է ներկայացվեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն (ք.Երևան, Ալեք Մանուկյան փողոց 1, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մասնաշենք, սենյակ 306, հեռախոս՝ 060710083):
Կոնտակտային անձ՝ Կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյան (հեռախոս՝ 096911991):
Ստեղծված է ժյուրի, որը կազմված է հետևյալ գիտնականներից և փորձագետներից:
- Գեղամ Պետրոսյան – Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
- Ալեքսանդր Մարկարով – ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
- Ժակ Մանուկյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
- Գևորգ Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու:
- Արամ Սաֆարյան – Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Մրցույթի հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.
- Մեկ առաջին մրցանակ:
- Երկու երկրորդ մրցանակ:
- Երեք երրորդ մրցանակ:
- Խրախուսական մրցանակներ:
Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Մոսկվա) մրցույթի հաղթողների համար նախատեսել է արժեքավոր մրցանակներ: Նրանց կհանձնվեն նոութբուքներ, բջջային հեռախոսներ, ականջակալներ: Հաղթողներին և լավագույն մասնակիցներին կհանձնվեն դիպլոմներ Երևանի պետական համալսարանի ռեկտորի և Մոսկվայի Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ:
Դիպլոմները և մրցանակները կհանձնվեն 2023թ. մայիսի 25-ին «Ռուսաստանը և աշխարհը. Երկխոսություն 2023. նպատակներ և արժեքներ: Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործում» միջազգային կոնֆերանսի լիագումար նիստում, որը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում: