ՀԳՊԱ-ի ուսանողները Մարսելի արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցում
2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակում Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում ՀԳՊԱ-ի երրորդ կուրսի ուսանողներ Կարապետ Հաջի-Ասլանյանը (Գրաֆիկա կրթական ծրագիր) և Խաչատուր Դավթյանը (Գեղանկարչություն կրթական ծրագիր) ցանկություն հայտնեցին մեկ կիսամյակով մեկնել Մարսելի արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոց։ Բուհի Արտաքին կապերի բաժինը պատրաստեց փոխանակման ողջ գործընթացը և իրականացրեց ուսանողների երազանքը։
Կարապետի և Խաչատուրի ստեղծագործական կատարումները ոգևորեցին Մարսելի բարձրագույն դպրոցի դասախոսներին, և երիտասարդները ցանկություն հայտնեցին երկրորդ կիսամյակում ևս շարունակել ուսումը այդ հեղինակավոր կրթական հաստատությունում։ Ինչպես իրենք են նշում, ձեռք բերեցին նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ, նոր ցուցահանդեսային առաջարկներ, նոր պատվերներ, բարձրացրեցին իրենց և ՀԳՊԱ-ի հեղինակությունը, հաստատեցին նոր ընկերական և ստեղծագործական կապեր։ Մեզ մնում է քաջալերել մեր ուսանողներին, չկտրել էներգիայի աղբյուրը, այլ ավելի հզորացնել։
Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին ուսանողները հանձնում են քննություն, ցուցադրելով իրենց աշխատանքները։ Քաղաքի կենտրոնում Մարսելի արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցն ունի մեծ ցուցասրահ և տարվա մեջ մի քանի անգամ կազմակերպում է ուսանողների, դասախոսների ցուցահանդեսներ: Տարեվերջյան ցուցահանդեսին մասնակցեցին նաև Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում Մարսելի դպրոցում գտնվող ուսանողները, որոնց թվում էին Կարապետն ու Խաչատուրը։ «Շնորհակալ եմ երեխա» խորագրով այս ցուցահանդեսը ներկայացրեց մի քանի ամսվա հետազոտությունների և փորձերի արդյունքում ստեղծված աշխատանքները, այն համարվում է նկարիչների և դիզայներների համար գեղարվեստական ճանապարհորդության սկիզբ։
Արտաքին կապերի բաժին