«ՏրանսPort»
Գրաֆիկայի երրորդ կուրսի ուսանողների ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանողներն իրենց ցուցահանդեսային տարեվերջյան աշխատանքները «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացրել են «ՏրանսPort» հետաքրքրական խորագրի ներքո: Աշխատանքների ղեկավար և ցուցահանդեսի համակարգող Զաքար Դեմիրճյանը մեկնաբանեց այն որպես մուտք դեպի տրանս:
Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ողջունեց մասնակից ուսանողներին և ցուցահանդեսի համար առավելություն համարեց ժամանակակից մտածողության դրսևորումները, հետաքրքիր մոտեցումները։ «Լավ է, որ ակադեմիայից ստացած գիտելիքներն արտահայտված են աշխատանքներում, և լավ է, որ լայն հետաքրքրություններ ունեք»,- ասաց նա՝ ուսանողներին մաղթելով հետագա էլ ավելի բովանդակային ցուցահանդեսների կազմակերպում, նաև ներկա ցուցահանդեսի հանդեպ հորդորեց ձևավորել վերաբերմունք՝ գնահատելու միմյանց աշխատանքները, կազմակերպել քննարկումներ:
Զաքար Դեմիրճյանը, ներկայացնելով աշխատանքները, ասաց, որ ուսանողներին տրված է եղել հանձնարարություն, և լինելով ուսանողական ծրագրի մաս, միաժամանակ փորձ է արվել սահմանված շրջանակի մեջ, այնուամենայնիվ, պահպանել յուրաքանչյուրի ստեղծագործական անհատականությունը, չկաշկանդել նրանց գեղարվեստական մտածողության ազատությունը։ Արդյունքում՝ ներկայացված գործերը, ըստ նրա, զուտ ուսանողական լինելուց դուրս են, դրանք ստեղծագործ մարդկանց դրսևորումներ են: Նա շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ աշխատասիրության և նպատակայնության, նոր մոտեցումների որոնումների մեջ ուսանողների և դասախոսի փոխըմբռնման, համագործակցության, միասնական աշխատանքի համար:
Հանձնարարված առաջադրանքը, լինելով որոշակի թեմատիկ և այլ սահմանափակումների մեջ՝ ինչպես պատրաստի մեդիայի օգտագործում և այլ, խորագրային մեկնաբանությամբ սակայն թույլ է տալիս լինել և գործել բավական ազատ, անգամ կամայական մոտեցումներով: Մուտք դեպի տրանս վիճակ խիստ ինդիվիդուալ է, ինչն արվեստագետից պահանջում է ոչ միայն գեղարվեստական սուր երևակայություն, այլև հոգևոր որոշակի գիտելիք և ինտուիցիա՝ նկարչորեն վերարտահայտելու ներքին ճամփորդության մտային-հոգևոր աշխարհի այն տպավորությունները, որ զգացել է նա այդպիսի իրավիճակներում, և դրանք իբրև վերացարկումներ, նշաններ և կամ անսովոր պատկերաձևեր արտահայտված են աշխատանքներում: Հետաքրքրական են և հաճելի նաև վիտրաժային աշխատանքները:
Մելանյա Բադալյան