Ռենտգենն ինչպես արվեստ
Իրերի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է նայել դրանց ռենտգենային նկարները: Համենայն դեպս այդ կարծիքին է բրիտանացի լուսանկարիչ Նիկ Վիզին. նա պատկերասրահ է բացել, որտեղ ցուցադրվում են ռենտգենի միջոցով արված՝ մարդկանց, կենդանիների, բույսերի և տարբեր առարկաների լուսանկարներ։
Հեղինակը համոզված է, որ այս կերպ ստացված լուսանկարները թույլ են տալիս բացահայտել անսպասելի դետալներ, մանրամասն տեսնել օբյեկտի բարդ կառուցվածքը, գնահատել դրա ողջ գեղեցկությունը։ «Իմ աշխատանքներն, ըստ էության, մակերեսային դատողությունների հակադարձումն են։ Դրանք ցույց են տալիս, թե ինչից է կազմված այս կամ այն օբյեկտը։ Ո՛չ ֆոտոշոփ, ո՛չ ռետուշ։ Ամեն ինչ ակնառու է և վստահելի, դատաբժշկական քննության պես»,- բացատրում է լուսանկարիչը։
Հարավային Քենթ դքսության «Process» պատկերասրահում նա հատուկ ստուդիա ունի։ Այնտեղ ռենտգեն սարք է տեղադրված, որի վրա էլ աշխատում է Վիզին։ Պատկերասրահի այցելուները կարող են տեսնել վարպետին, մանրամասն ուսումնասիրել ստեղծագործական գործընթացի բոլոր փուլերը։
Նշենք, որ Նիկ Վիզին ռենտգեն-լուսանկարչությամբ տարվել է այն բանից հետո, երբ հետաքրքրությունից դրդված՝ իր կոշիկների ռենտգեն նկարն էր արել։ Այսօր նրա գործերը ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ պատկերասրահներում, այդ թվում նաև՝ Լոնդոնի «Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում»։