«Oscar de la Renta»-ի խանութում XVII դարի կտավ է հայտնաբերվել
Ինչպես գրում է «The New York Time» պարբերականը, ամերիկյան «Oscar de la Renta» ապրանքանիշի փարիզյան խանութում ընթացող վերանորոգման աշխատանքների ժամանակ բանվորները XVII դարի հսկայական կտավ են հայտնաբերել։ Գտածոյի մասին միայն այժմ, երկու ամիս անց է հայտարարվել։ Տարածքի սեփականատերերը կարծիք են հայտնել, թե 3×6 մ չափով կտավը փակցվել է պատին, ու այնուհետև տախտակապատվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ռյու դե Մարինյան փողոցի վրա գտնվող խանութը նախատեսվում էր բացել արդեն այս շաբաթ, սակայն գտածոյի պատճառով ժամկետները տեղափոխվել են 2019-ի մայիս։ Կտավի վերականգնման աշխատանքները տարվում են 2018-ի նոյեմբերից։ Իրար փոխարինող հինգ մասնագետ մաքրում են այն տասնամյակների փոշուց։ Կտավը հնարավոր չէ առանձնացնել պատից, քանի որ պարզ չէ, թե ինչպես է այն փակցված։ Փորձարկումները խստիվ արգելված են, քանի որ կարող են անդառնալիորեն վնասել կտավը։ Այդ իսկ պատճառով խանութի դիզայնն այժմ վերափոխվում է՝ կտավի հետ ոճային համաձայնության բերելու նպատակով։
Հին կտավների մասնագետ Ստեֆան Պինտան արդեն հայտարարել է, որ կտավի հեղինակը Առնուլդ դը Վույեն է։ Նա Շառլ լը Բրյունի հետ է աշխատել, ով Լյուդովիկոս XIV-ի պալատական նկարիչն էր և Վերսալի ինտերյերների հեղինակը։ Դը Վույեն լը Բրյունի հետ համագործակցելու երկար տարիներից հետո ստիպված է եղել փախչել Ֆրանսիայից և բնակություն հաստատել Կոնստանդնուպոլսում: Փախուստի պատճառը վերջինիս մասնակցությունն է եղել «պատվո մենամարտերին», որոնք արգելված էին Լյուդովիկիս XIV-ի օրոք։
Նշենք, որ գտնված կտավի վերարտադրությունը հրապարակվել էր 1900-ին «Դեսպանի ոդիսականը. մարկիզ դը Նուանտելի ճանապարհորդությունը, 1670-1680» գրքի 129-րդ էջում։ Կտավի վրա պատկերված է օսմանյան արքունիքում Լյուդովիկոս XIV-ի դեսպան մարկիզ Շառլ Մարի Անտուան Օլյե դը Նուանտելը՝ շքեղ թափորի ուղեկցությամբ Երուսաղեմ մուտք գործելիս։