Այցելություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Օրերս, Չինաստանի Նանտոնգ քաղաքի Արվեստի համալսարանի հրավերով, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը և ակադեմիայի դասախոս Արթուր Հովհաննիսյանը այցելեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Հրավիրյալ շուրջ տասը այլ միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչների հետ մեր պատվիրակության անդամներն ունեցան շուրջ մեկ շաբաթյա մշակութային և աշխատանքային հագեցած ու բազմաբովանդակ ծրագիր։
Ծրագրի շրջանակներում եղան այցելություններ քաղաքի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ինչպես նաև Նանտոնգի Արվեստի համալսարանի մասնաճյուղեր, որտեղ Արամ Իսաբեկյանը և Արթուր Հովհաննիսյանը ծանոթացան ուսանողների համար ստեղծված ուսումնական պայմաններին, դիտեցին վերջիններիս ընթացիկ և ավարտական ուսումնական աշխատանքները։ Պատվիրակություններին, որոնց կազմում էին, մասնավորապես, Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ավստրալիայի ներկայացուցիչները, հյուրընկալեց Նանտոնգի Արվեստի համալսարանի կուսակցական կոմիտեի քարտուղարը՝ պրոֆեսոր Պու Յուզոնգը։ Վերջինիս հետ հանդիպման պատվիրակ ընտրվեց ՀԳՊԱ-ի ռեկտորը։ Հյուրընկալված բոլոր պատվիրակությունների անունից Արամ Իսաբեկյանն իր շնորհակալությունը հայտնեց Նանտոնգի համալսարանի ղեկավարությանը ջերմ հյուրընկալության, բազմաբովանդակ միջոցառումների կազմակերպման և անցկացման համար։ ՀԳՊԱ-ի ռեկտորը ուսումնական հաստատությունների միջև հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։
Մշակութային այդ օրերի հաջորդ կարևոր իրադարձությունը «Մետաքսի ճանապարհի տարածումը» և ուսանողական «Մետաքսի ճանապարհ» ցուցահանդեսների բացումն էր։ Նանտոնգի Արվեստի համալսարանի ընդարձակ ցուցասրահում կազմակերպված «Մետաքսի ճանապարհի տարածումը» ցուցահանդեսին ներկա բազմաթիվ հյուրերը և ուսանողները դիտեցին բազմաոճ աշխատանքներ, որոնց թվում էին նաև Արամ Իսաբեկյանի և Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունները։ Իսկ Նանտոնգի սրտում տեղակայված ժամանակակից ցուցասրահներից մեկում կազմակերպված «Մետաքսի ճանապարհ» ուսանողական աշխատանքների ցուցահանդեսին ներկայացված էին նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքները, որոնք բարձր գնահատանքի արժանացան ցուցահանդեսի այցելուների կողմից։
Անկացված միջոցառումներից ուշագրավ էին նաև Նանտոնգի Արվեստի համալսարանի ուսանողների հետ անցկացրած դասախոսություններն ու վարպետաց դասերը։ Իրենց դասախոսությունների ընթացքում Արամ Իսաբեկայանը և Արթուր Հովհաննիսյանը համառոտ ներկայացրեցին հայ կերպարվեստի պատմությունը։ Ներկայացվեց նաև ՀԳՊԱ-ի պատմությունը, առաքելությունն ու նշանակությունը, ինչպես նաև ծրագրային դրույթներ։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցելության եզրափակիչ քայլը Նանտոնգի Արվեստի համալսարանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջև կնքված համագործակցության համաձայնագիրն էր, որը սերտ փոխգործակցության հնարավորություն կընձեռի երկու ուսումնական հաստատություններին։ Հարկ է նշել, որ ՀԳՊԱ-ի և Նանտոնգի Արվեստի համալսարանի միջև ակադեմիայի աջակցությամբ հայ մշակույթի և արվեստի ուսումնասիրության կենտրոն հիմնելու պայմանվորվածություն ձեռք բերվեց։