Փոխանակման ծրագրի մասնակից ուսանողների տարեկան ամփոփիչ հանդիպում
Սույն թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ նախորդ կիսամյակում փոխանակման, շարժունության ծրագրով կարճաժամկետ ուսման մեկնած ուսանողների հաշվետու հանդիպում-միջոցառումը։
Սա կարծես արդեն ավանդույթի ուժ է ստանում նման միջոցառում կազմակերպելը տարվա մեջ երկու անգամ։ Առաջին և երկրորդ կիսամյակներում, ուսանողների վերադարձից հետո, Արտաքին կապերի բաժինը կազմակերպում է միջոցառում՝ հրավիրելով, թե դասախոսներին, և թե ուսանողներին ներկա գտնվելու և մասնակցելու միջոցառմանը։ Այս անգամ, ինչպես և նախորդ անգամ հրավիրված էին նաև Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի կոորդինատորները․ միջոցառմանը ներկա էր վերոնշյալ գրասենյակից ծրագրային կոորդինատոր Արփինե Հունանյանը։
ՀԳՊԱ-ի ուսնաողները, որոնք նախորդ կիսամյակում մասնակցել էին փոխանակման և շարժունության ծրագրերին, շնորհանդեսի տեսքով ներկայացրեցին իրենց փորձառությունը՝ Հունգարիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի համալսարաններում կատարած իրենց դիտարկումների, միջմշակութային հաղորդակցության և ուսումնամեթոդական տարբերությունների և ընդհանրապես ուսանողական կյանքի և տվյալ երկրի մշակույթի, ավանդույթների վերաբերյալ, որքանով որ հասցրել էին ուսումնասիրել այդ կարճ ժամանակահատվածում։
Հանդիպում-միջոցառումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում և ուղեկցվեց քննարկումներով ու հարցուպատասխանով։
Արտաքին կապերի բաժին