Շնորհավորական ուղերձ պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի անդամ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի 75-ամյակի կապակցությամբ ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը շնորհավորական ուղերձ է հղել հոբելյարին։ Ուղերձում ասվում է․
«Հարգարժան հոբելյար, Գեղարվեստի պետական ակադեմիայի ողջ կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում է Ձեզ՝ 75-ամյակի կապակցությամբ: Ակադեմիայի ղեկավարությունը բարձր է գնահատում Ձեր մեծ վաստակն ու նվիրումը, որ ներդնում եք Դուք մեր Բուհում:
Ձեր մասնագիտական խորը գիտելիքները, դասավանդման հմտությունը ուսանողների մեջ առանձնակի սեր ու հետաքրքրություն են առաջացնում հայ և համաշխարհային ճարտարապետության պատմության նկատմամբ: Հոգեբանական և անհատական մոտեցումը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ՝ ապահովում են Ձեր հաջողությունները մանկավարժական բնագավառում: Ձեր պատասխանատվության բարձր զգացումով, մասնագիտությանը նվիրվածությամբ Դուք հրաշալի օրինակ եք ուսանողների համար և ըստ արժանվույն վայելում եք նրանց, ինչպես նաև գործընկերների սերն ու հարգանքը:
Գնահատելի է նաև Ձեր ներդրումը Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադրման և կայացման գործում: Ձեր ստեղծագործական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնք առանձնանում են իրենց ինքնատիպությամբ և հետաքրքիր լուծումներով:
Հոբելյանի առիթով մաղթում ենք Ձեզ առողջություն, երջանկություն, նոր ու հետաքրքիր մտահղացումների իրականացում»: