Էդիկ Վարդանյան․ «Ես եկել եմ նկարչություն գրականության միջոցով»
Նվիրատվություն Գրականության և արվեստի պետական թանգարանին
Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան սրահը գույների փոփոխություն է կրել, լավատեսական, մաքուր գույների մեջ է, տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքը ուշադրությունը հրավիրում է սրահի պատերի լուսանկարներին Կոմիտասի․ տարիների ընթացք՝ սև-սպիտակի, ժամանակի կնիքը վրան։ Կոմիտասի լուսավոր հոգին մռայլ, դժգույն ժամանակների ու միջավայրի դեմ։
Գեղանկարիչ Էդիկ Վարդանյանի դիմանկարների շարքը հայ ինը գրողների՝ լուսավոր գույների ներդաշնության մեջ բնավ կոնտրաստային չեն սրահի այդ մթնոլորտի հետ, հակառակը՝ ձուլված են, որովհետև կրողն են հոգևոր նույն ժառանգության, շարունակում են միմյանց՝ յուրաքանչյուրն իր ժամանակի և իր աշխարհընկալման սահմաններում։
Դանիել Վարուժան, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, Խաչիկ Դաշտենց, Հրանտ Մաթևոսյան, Մուշեղ Գալշոյան, Համո Սահյան, Հրաչյա Սարուխան, Արմեն Շեկոյան. հոգեհարազատ գրողներ, որոնցով նկարիչը ապրում է իր օրերը. հիմա բաժանվում է նրանցից ու խոստովանում, որ երբևէ մտքով չէր անցել բաժանվել այս նկարներից. «երբ իմացա, որ Վահագն Սարգսյանն է տնօրենը՝ հրաշալի մտավորական ու քաղաքացի, մտածեցի՝ այստեղ պիտի մնան, սա է նրանց տեղը»։
Սրահի կոմիտասյան խորհրդավորությունը, հնչող երաժշտությունը, նկարների գունային մթնլոլորտը ապահովել էին ներքին հարմոնիա, տրամադրություն, և թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքը ամբողջացրեց այն։ Թանգարանի ավանդույթի համաձայն նոր ժառանգություն ստանալիս ստորագրվում է ստացման ակտ առ այն, որ նկարները ի պահպանության են տրված թանգարանին, պետական հոգածության ներքո, այսուհետ նվիրատուն նոր ցուցադրության մեջ դրանք ընդգրկելու ցանկության պարագայում պիտի դիմի թանգարանինպետական թույլտվություն ստանալու։ Հաջորդ ավանդույթը թանգարանը հարստացնելու, հայրենանվեր գործի համար տրվող շնորհակալագիրն է, ինչը սիրով Վահագն Սարգսյանը հանձնեց Էդիկ Վարդանյանին։
«Էդիկ Վարդանյանի մասին խոսելիս անմիջապես հիշում եմ իր ծագումը, աշխարհագրական տարածքը՝ Սասուն, Թալին, որովհետև նրա նկարչության սիմվոլիկան գալիս է մեր տրադիցիոն մտածողությունից, իսկ ոճը շատ ժամանակակից է, կա ժամանակի էքսպրեսիա, և նրա դիմանկարները շատ տարբերվում են մեր դասական նկարչությունից և ոչ միայն մեր, նաև համաշխարհային»։
Պատահաբար, բայց գուցե այդպես էլ պիտի լիներ, նվիրատվության օրը համընկավ Վահան Տերյանի ծննդյան օրվա հետ, Տերյանը և մյուսները սիրո խոստովանության տրամադրության մեջ գտան իրենց իսկական տեղը․ «Նրանք անպայման պիտի այստեղ լինեին, սա իրենց տունն է, շատերի ժառանգությունն այստեղ է, կարծես եկան, գտան իրար»,- Վահագն Սարգսյանը ասես կարդում էր նկարչի մտքերը։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, որտեղ վաղուց, մի քանի տասնամյակ արդեն դասավանդում է Էդիկ Վարդանյանը, սերունդների գեղարվեստական մտածողությունը կրթում, նկարչական ճաշակ ներարկում, Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը՝ նկարչի ստեղծագործական ամփոփ նկարագրությունն անելիս, ընդգծեց նրա գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը՝ նկարչական շատ յուրօրինակ դրսևորումները, հայրենի բնաշխարհի վարդանյանական մեկնաբանությունների ոչ իրական, ոչ ռեալիստական, այլ նկարչի ապրումների, մանկության հուշերի միջով անցած, բանաստեղծական կերպավորում ստացած խորհրդանշական լեզուն, որտեղ ծալապատիկ նստած սրինգ է նվագում հրեշտակը, գունագեղ գյուղը արևից այրվող խոտի դեզերով ու կտուրներով, սարերը՝ Արարատն ու Արագածը․ «Երկիրը անչափ սիրող արվեստագետի զրույցից ծնված կտավներ են»։
Եվ իսկապես Էդիկ Վարդանյանը մշտական զրույցի մեջ է, զրույց՝ սիրելի գրողների, զրույց՝ մանկության հուշերի ու հայրենի գյուղի, զրույց՝ երկրի անցյալի ու ներկայի ցավոտ իրականության հետ՝ զգայուն ու անկեղծ հոգու մտորումներ։ «Հիմա ես ձեզ հետ բարձրաձայն մտածում եմ»,- դիմում է ներկաներին պարզ ու բնական, և երիցս ճիշտ է, երբ ասում է, որ շատ դժվար է խոսել այն մասին, ինչ դու անում ես։ Եվ ինչո՞ւ է նա այս դիմանկարները նվիրում հենց Գրականության և արվեստի թանգարանին։ Որովհետև «Ես եկել եմ նկարչություն գրականության միջոցով։ Ինչ հիշում եմ ինձ՝ գիրքը ինձնից անբաժան է եղել, որի համար երախտապարտ եմ իմ մորը, բառերով չեմ կարող բացատրել, դա շատ անձնական է»․․․ աննկատ հուզմունք կա խոսքում։
Հիշում է Կարինե Քոթանջյանին՝ Չարենցի բանաստեղծությունից ամենքին հայտնի, պատմում է, երբ դեռ փոքր երեխա եղբոր հետ նրա այգուց ծիրան էին թռցնում, չէր թողնում, որովհետև խակ էր. այդ շրջանում գնացել-եկել են նրանց տուն. «Տանը հին գրքեր ունեին Պոլսում, Վենետիկի Սուրբ Ղազարում տպագրված, այդ ժամանակից էլ տպավորվել եմ գրքերով»։
Ցավում է տպագիր գիրք կարդալու մշակույթը կորցնելու համար, երբ գրքի էջերը թերթելիս թղթի հոտն ես առնում, ու դա բոլորովին ուրիշ զգացում է, ուրիշ վիճակ․ «Երբ կարդում ես քո սիրած գիրքը, աղոթելու նման բան է դա ինձ համար։ Այս հեղինակները ամենօրյա իմ ուղեկիցներն են, ես ապրում եմ նրանց հետ, քայլում, զրուցում, սովորում նրանցից և սա իմ պարտավորությունն է, վերաբերմունքը, ես պարտական եմ նրանց. սրանք բառեր չեն, իմ ապրելակերպն է այսպիսին։ Նրանք հավերժության մեջ են, իսկ հավերժի հետ շփվելը մեծ երջանկություն է»։
Եվ պատահական չէր համեմատությունը Գառնիի կամ Գեղարդի հետ՝ որպես մշակութային խորը հետքեր դաջված են ժամանակի դեմքին՝ մտքի, մարդկային հույզի, ապրումի։
Ինքնաբուխ, անկեղծ Վարդանյանական խոսքեր, երբեք չփոխվող, ավանդական-պահպանողական՝ հավատարիմ իր ներքին աշխարհին, իր եսին, և բնական էր նրան ուղղված բարեմիտ խոսքերը Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի, ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանի։ Վերջինս կարևոր մեկ լրացում արեց՝ առանձնակի ընդգծելով Էդիկ Վարդանյանի ոչ միայն ստեղծագործողի առանձնահատկությունները, այլև նրա անձը, մարդկային նկարագրի անդրադարձով՝ դեպի լավը տրամադրող, դրական մտքերով, մշտապես բարի մաղթանքով, կամեցողությամբ, որպես լավ մանկավարժի ու լավ ընկերոջ։
Այն ինչ կա նրա մտաէության մեջ, այդ ամեն դրականը նկարիչը տեղափոխում է ստեղծագործական դաշտ, փոխանցում կտավին, գույնը դարձնում լուսավոր, այդ աշխարհը դուռ է բացում դեպի լույսը, որտեղ նկարչի ապրումների ու հույզերի բազմաշերտ ալիքները հաջորդելով միմյանց հուզականություն են առաջացնում։
Նա նկարիչ է և իր դրսի հայացքը իրական աշխարհից ստանում է իմպուլսներ, սակայն որպես ճշարիտ արվեստագետ դրանք վերաիմաստավորվում, վերակերպավորվում, վերագունավորվում են ներսում, կրում Վարդանյանական անշփոթելի ձեռագիր, ստանում տաք շունչ, պարուրվում խորհրդավորության շղարշով, որոնց մենք սիմվոլներ ենք անվանում․․․
Էդիկ Վարդանյանը տարիներ առաջ Գրողների միության 80-ամյակին նվիրված բովանդակալից ու գեղեցիկ ցուցահանդես բացեց, դիմանկարների մի զգալի մաս նա նվիրեց իր գրող-մտերիմներ ընկերներին, այլապես ինչպես ասաց՝ «հիմա ձեզ մոտ կրկնակի կլինեին»։
Մի օր գուցե այդ մյուսներին էլ մշտական հանգրվան գտնեն իրենց հարազատ տանը, այստեղ՝ Գրականության և արվեստի պետական թանգարանում։
Մելանյա Բադալյան