Տրետյակովյան պատկերասրահից առևանգել են Արխիպ Կուինջիի կտավը
Հունվարի 27-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահից առևանգել են Արխիպ Կուինջիի «Այ Պետրի. Ղրիմ» կտավը։ Ականատեսները վկայում են, որ գողը՝ ներկայանալով որպես թանգարանի աշխատակից, բազմաթիվ այցելուների աչքերի առջև հանել է կտավը շրջանակի մեջից և հեռացել։
Լուրը հաստատել են Ռուսաստանի իրավապաշտպան մարմինները և ավելացրել, որ ոստիկանները՝ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հետ համատեղ, հունվարի 28-ին տաք հետքերով հայտնաբերել և ձերբակալել են գողության մեջ կասկածվող ոմն 31-ամյա տղամարդու: Նա թաքցրել էր կտավը մերձմոսկովյան քաղաքներից մեկում։ Ոստիկանության տվյալներով, տղամարդը նախկինում ձերբակալվել է թմրանյութեր պահելու պատճառով։
Արխիպ Կուինջիի ցուցահանդեսը բացվել է Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներային մասնաշենքում 2018-ի հոկտեմբերին և գործելու է մինչ 2019-ի փետրվար վերջը։ Սա 1992-ից ի վեր նկարչի առաջին ցուցահանդեսն է պատկերասրահում։ Այն մեծ հաջողությամբ է ընթանում. մուտքի հերթն ամիսներ շարունակ չի նվազում։ «Այ Պետրի. Ղրիմ» կտավը Սանկտ Պետերբուրգի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուին է պատկանում։