Վան Գոգի տուն-թանգարանին բացառիկ կտավ են նվիրել
Հոլանդիայի Դրենտ քաղաքում գտնվող Վան Գոգի տուն-թանգարանը, ուր նկարիչն ապրել է 1883-ին, նվիրատվություն է ստացել հավանաբար նրա վրձնին պատկանող կտավներից մեկը։ Ինչպես հաղորդում է «RTV Drenthe» հեռուստաալիքը, կտավը թանգարանին է նվիրել Հաագայի 92-ամյա մի բնակչուհի։
Նկարում բար է պատկերված։ Անկյունում «Վինսենտ» ստորագրություն կա։ Փորձագետների կարծիքով կտավը բացառիկ է։ Քննարկվող հարցերից մեկն այն է, թե որտեղ է Վան Գոգը նկարել այն։ Մասնագետների մեծ մասը հակված է կարծելու, թե պատկերված է Հաագայի բարերից մեկը։ Վան Գոգն ապրել է Հաագայում 1869-1873 և 1881-1883 թվականներին։ Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ Ամստերդամում ընդունված էր ջին խմել, իսկ կտավում պատկերված գարեջրի բաժակը հատկանշական էր հենց Հաագայի բարերի համար։
Կտավը ժառանգաբար է փոխանցվել ներկայիս սեփականատիրոջը, այդ իսկ պատճառով զգալիորեն վնասված է։ Այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում, որոնք բավականին տևական կարող են լինել։ Կտավի իսկության փորձաքննությամբ զբաղվում են ոլորտի առաջատար մասնագետները։ Եթե արդյունքում պարզվի, որ կտավն իսկապես Վան Գոգի վրձնին է պատկանում, նրա հետագա տեղակայման վայրը դեռ քննարկման առիթ կհանդիսանա։