Վան Գոգի «կենդանացած» կտավները Փարիզում
Փարիզում, Ատելյե դը Լյումիեր Թվային արվեստի կենտրոնում բացվել է ցուցահանդես, ուր ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռնում բառացիորեն ընկղմվել Վինսենթ Վան Գոգի անհավանական սյուժեների ու գույների աշխարհը։ Ատելյե դը Լյումիերն առաջարկում է հայտնվել «Աստղալից գիշեր» կամ «Օվերի բնանկար անձրևից հետո» կտավներում։ Այստեղ, ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով տասը մետր բարձրությամբ պատերի վրա, կենդանանում են հոլանդացի պոստիմպրեսիոնիստի ֆանտաստիկ աշխարհները։ Ծաղկում են հանրահայտ արևածաղիկները, վառվում է կարտոֆիլ ուտողների սենյակի լամպը, Սեն Մարիի ալիքների վրա ճոճվող նավակը հայտնվում է այցելուների ոտքերի մոտ՝ հնարավորություն տալով մանրամասն զննել Վան Գոգի վրձնի բոլոր հարվածները։
«Վան Գոգի արվեստն այս տեսանկյունից դուք չեք գտնի աշխարհի որևէ թանգարանում,- ասում է Ատելյե դը Լյումիերի տնօրեն Միշել Կուզիգուն։- Մենք այցելուներին առաջարկում ենք հայտնվել պատկերի մեջ, պատկերացնել նկարչի աշխարհը՝ գտնվելով նրա կտավների ներսում»։
Կյանքի օրոք չճանաչված հանճար Վան Գոգը տասը տարվա ընթացքում 2000 կտավ է ստեղծել։ Այսօր դրանք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում։ Այս ցուցահանդեսում կազմակերպիչներն ընդգրկել են Վան Գոգի ստեղծագործական կյանքի բոլոր փուլերը՝ վաղ շրջանից մինչև վերջին օրերը։ «Այս ցուցասրահում կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես էր նկարիչը փոխանցում լույսի խաղը, ծեփում ծավալները, տեսնում երկնքի կապույտը»,- ասում է ցուցահանդեսի գաղափարի հեղինակ Ավգյուստեն դը Կուանտան դե Ֆիլենը։
Ցուցահանդեսի կարևոր բաղադրիչներից մեկը իտալացի կոմպոզիտոր Լուկա Լոնգոբարդիի երաժշտությունն է։ Այն նկարչի կյանքի խոր դրամայի հուզական արտացոլումն է։
Նշենք, որ Ատելյե դը Լյումիեր Թվային արվեստի կենտրոնը հայտնի է իր տպավորիչ ցուցահանդեսներով։ Այստեղ հաջողությամբ անցել են Գուստավ Կլիմտի և Էգոն Շիլեի թվայնացված աշխատանքների ցուցահանդեսները։ Նախագիծն իր առջև նպատակ է դնում հետաքրքրել արվեստով հասարակության այն հատվածին, որը թանգարաններ գրեթե չի հաճախում։ Իրենց ցուցահանդեսները կենտրոնի աշխատակիցները գնահատում են որպես «բացառիկ ու հետաքրքիր միջոց՝ արվեստի աշխարհ մուտք գործելու համար»։