Ռեյկսմյուզեումը ապշեցրել է իր Ռեմբրանդով
Նկարչի մահվան 350-ամյակի կապակցությամբ ամստերդամյան թանգարանը ներկայացրել է Ռեմբրանդի կտավների աշխարհի ամենամեծ հավաքածուն
«Ռեմբրանդի կյանքում և արվեստում բազմաթիվ ստվերներ ու մութ անկյուններ կան»,- այսպես է սկսում վարպետի մասին իր էսսեն XIX դարի նկարիչ Էժեն Ֆրոմանտենը, որն այսօր առավել հայտնի է ոչ թե իր կտավներով, այլ 1875-ին Բելգիա և Հոլանդիա ճանապարհորդությունից հետո հրատարակած «Հին վարպետները» գրքով։ Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռեմբրանդի (1606-1669) կյանքն ու արվեստը մանրազննին ուսումնասիրված են, սակայն նրակտավները շարունակում են իրենց մոգական ազդեցությունը։ Մեծ հոլանդացու աշխատանքների ցանկացած ցուցահանդես իրադարձություն է դառնում արվեստի աշխարհում: Բացառություն չէ նաև Ռեյկսմյուզեումի օրերս բացված «Ողջ Ռեմբրանդը»՝ նվիրված վարպետի մահվան 350-ամյակին։
Արդեն իսկ ցուցահանդեսի անվանումը պարտադրում էր կազմակերպիչներին լուծել բարդ խնդիր. ինչպե՞ս մեկ մտահղացման սահմաններում խմբավորել նկարչի 22 կտավները։Առավել ևս, որ դրանք բոլորը, այդ թվում թանգարանի հպարտության աղբյուր «Գիշերային դետքն» ու «Սինդիկները», ներկայացված են գործող էքսպոզիցիայում։ Ռեյկսմյուզեումում որոշվել էր ցուցահանդեսը բաժանել երեք թեմատիկ բաժինների՝ ներառելով նաև Ռեմբրանդի վաղ շրջանի 60 նկար և թանգարանի հավաքածուի 1300 օֆորտներից 300-ը։ Ռեմբրանդի գործերի նման ցուցահանդեսն աննախադեպ է, և, հավանաբար, անկրկնելի։ Համեմատության համար կարելի է հիշել չորս տարի առաջ Լոնդոնի Ազգային պատկերասրահում, ապա Ռեյկսմյուզեումում անցկացված «Ուշ Ռեմբրանդ» ցուցահանդեսը, ուր առկա էին միայն 20 կտավ և 30 օֆորտ։
Ցուցահանդեսի երեք բաժիններից միայն մեկն է ժամանակագրական՝ նվիրված նկարչի արվեստի վաղ շրջանին (1625-1631), երբ Ամստերդամում Պիտեր Լաստմանին աշակերտելուց հետո Ռեմբրանդը վերադառնում է Լեյդեն, բացում իր արվեստանոցը, ուր աշխատում է Լաստմանի մեկ այլ աշակերտի՝ Յան Լիվենսի հետ։ Այս շրջանի կտավներից է «Երաժշտության այլաբանությունը» (1626), որի սյուժեն մինչև օրս վեճերի առիթ է հանդիսանում։ Արվեստագետների մի մասը պնդում է, որ այն պարզապես աշխարհիկ տեսարան է, մյուս մասը համոզված է, որ պատկերվածը կնոջ գայթակղության մի դրվագ է։ Այս կտավում զգացվում է Լաստմանի ազդեցությունը՝ հագեցած գույներ, դետալների մանրակրկիտ պատկերում՝ ներառյալ նոտաները և գլխավոր հերոսուհու կարմիր կոշիկները։ Նման փոքր կտավները լավ էին վաճառվում, սակայն երիտասարդ Ռեմբրանդը չէր պատրաստվում դրանցով բավարարվել։ Ցուցահանդեսի այս բաժնում ներկայացված ինքնանկարները վկայում են այն մասին, որ Ռեմբրանդն ուշադիր զննում էր իր արտաքինը՝ արձանագրելով տարբեր զգացմունքներ. զայրույթ, վախ, զարմանք։ 1628-ի «Ինքնանկարում», ուր լուսավորված է միայն աջ այտը, իսկ դեմքն ամբողջովին ընկղմված է ստվերի մեջ, Ռեմբրանդն արդեն փորձարկում է հետագայում իր հանրահայտ լուսաստվերային էֆեկտները…
Ցուցահանդեսի երկրորդ բաժինը նվիրված է Ռեմբրանդի կյանքում մեծ դեր խաղացած անհատներին՝ հիրավի անընդգրկելի թեմա։ Այստեղ ներկայացված են սիրով ու քնքշանքով կատարված նկարչի մոր, կնոջ՝ Սասկիայի և որդու՝ Տիտուսի դիմանկարները, քաղաքային տեսարաններ՝ չքավորներ, թափառական երաժիշտներ, դերասաններ, առևտրականներ։ 1631-ին տեղափոխվելով Ամստերդամ և «Բժիշկ Տուլպի անատոմիայի դասը» (1632) կտավի հաջողությունից հետո Ռեմբրանդն արդեն մեծ հեղինակություն և պահանջարկ ուներ, և դիմանկարների բազմաթիվ պատվերներ էր ստանում։ Դրանք ևս առկա են ցուցահանդեսի երկրորդ բաժնում։ Մի կողմից հետևելով դիմանկարի համար սահմանված կանոններին՝ Ռեմբրանդն այստեղ էլ է որպես նորարար հանդես գալիս։ Նրան հետաքրքրում են ոչ միայն պատկերվողի արտաքինն ու շքեղ հագուստները, այլև հոգեվիճակը, բնավորությունը, տրամադրությունը։ Թանգարանի առանձնահատուկ հպարտության առիթ հանդիսացող Մարտեն Սոլմանսի և նրա կնոջ՝ Օպյեն Կոպպիտի՝ Ռեմբրանդի վրձնի համար բացառիկ ողջ հասակով դիմանկարները նույնպես ներկայացված են ցուցահանդեսի այս բաժնում։ Ի դեպ, դրանց ձեռք բերման պատմությունը բացառիկ է։ Լուվրն ու Ռեյկսմյուզեումը մրցակցում էին Էրիկ դը Ռոթշիլդից այս դիմանկարները գնելու համար։ Ի վերջո, երկարամյա վեճերից հետո, 2015-ին թանգարանները համատեղ գնեցին դիմանկարները 160 մլն եվրոյով ու հատուկ համաձայնության գալով. դրանք պետք է ցուցադրվեն մեկԱմստերդամում, մեկ՝Փարիզում, և միայն երկու դիմանկարը միաժամանակ։
Ցուցահանդեսի վերջին բաժինը նվիրված է Ռեմբրանդի բիբլիական պատմություններ պատկերող կտավներին։ Ռեյկսմյուզեումի հավաքածուում չկան կրոնական թեմաներով մեծ կտավներ։ Փոխարենը առկա են նկարչի վաղ շրջանի բացառիկ գործեր, այդ թվում «Երուսաղեմի ավերածությունը ողբացող Երեմիան» (1630), ինչպես նաև հազվագյուտ որակի օֆորտներ՝ նվիրված Հին և Նոր կտակարանների սյուժեներին։
Թանգարանն այսքանով չի սահմանափակվելու։ Հուլիսին սկսվելու են «Գիշերային դետքի» վերականգնողական աշխատանքները։ Դրանք ընթանալու են թանգարանի ցուցասրահում, այցելուների աչքերի առջև։ Վերջիններս կարող են հետևել աշխատանքների ընթացքին 7 մետր հեռավորությունից։ Իսկ հոկտեմբերին Ռեյկսմյուզեումում բացվելու է «Ռեմբրանդ-Վելասկես» ցուցահանդեսը, ուր Ռեմբրանդի և Վերմեերի կտավները «երկխոսելու են» հանճարեղ իսպանացիներ Վելասկեսի և Ռիբերայի աշխատանքների հետ։